Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:
Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։