Մատչելիության հղումներ

2020-ն ուղեկցվեց ադրբեջանական զինուժի կողմից հայերի իրավունքների համատարած ու համակարգային խախտումներով, ընդգծում է Թաթոյանը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

«2020 թվականն ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների համատարած ու համակարգային խախտումներով, տեղի ունեցան դաժանություններ, խոշտանգումներ ու անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ցավոք, այս ամենը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք»: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հայաստանի օմբուդսմենի հայտարարությունում։

«Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է:

Մարդու իրավունքների պաշտպանության օրը ցանկանում եմ արժևորել այն իրավապաշտպանների, լրագրողների ու փաստաբանների դերը, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը հանուն մարդու իրավունքների երաշխավորման։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի սահմաններում իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը բարձր նպաստ բերելը՝ երեխաներից մինչև տարեցներ, լինի դա փակ կամ խնամքի հաստատություն, իրավապահ մարմին կամ համայնքային հաստատություն», - հայտարարում է Արման Թաթոյանը։

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG