Մատչելիության հղումներ

Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը


Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վրա:

Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։

Նախարարն ընդգծել է դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Այվազյանը նշել է, որ Թուրքիան, «գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար»:

Նախարարն իր ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտել են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG