Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունում  անկումը խորանում է


Գործարան Հայաստանում, արխիվ

Հայաստանի տնտեսությունում անկումը խորանում է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին տասն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 6,7 տոկոսով, և սա 2020 թվականի ամենավատ ցուցանիշն է։ Օրինակ՝ առաջին ինն ամիսներին այդ անկումը 6,6 տոկոս էր, ութ ամիսներին՝ 6,4, յոթ ամիսներին՝ 5,7, և այդպես ավելի ու ավելի քիչ։

Իսկ անկումը սկսվել է այս տարվա առաջին չորս ամիսներից սկսած, երբ հունվար-ապրիլ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը նահանջ ապրեց 1,4 տոկոսով։

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում որպես պատճառ նշեց կորոնավիրուսն ու 44-օրյա պատերազմը։

«Այս ամենով հանդերձ, մենք կարող ենք պնդել, որ տնտեսական անկումը Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կլինի մոտավորապես 7-8,5 տոկոսի շրջանակներում։ Եվ եթե մենք դիտարկում ենք՝ ինչով է դա պայմանավորված, դա նաև պայմանավորված է որոշակիորեն նոյեմբեր ամսի համեմատաբար ավելի պասիվ լինելու կանխատեսումներով կամ մոտեցումներով», - ասաց Մանուկյանը։

Տնտեսագետի խոսքով՝ պատերազմի բացասական հետևանքները, բնականաբար, իրենց զգալ կտան նաև նոյեմբեր ամսին։

Արտակ Մանուկյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ անգամ պատերազմի ու կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի տնտեսությունն այնպիսի անկում չապրեց, ինչպես, օրինակ, 2009-ին՝ 14,1 տոկոս։

«Նույնիսկ այս բացասական ֆոնին ակնկալվում է վատագույն սցենարով 8-8,5 տոկոսանոց տնտեսական անկում, և սա, իհարկե, խոսում է նաև նրա մասին, որ այդ ժամանակ գործող պրոֆեսիոնալների կառավարությունը ևս, կարծես թե, էն տնտեսական մարտահրավերները, որոնք նրանց առջև ծառացած էին, չէր կարողացել պատշաճ կերպով լուծել, և դրա համար տնտեսական դիմադրողականությունը շատ ավելի թույլ էր, և ավելի թույլ ճգնաժամի պարագայում Հայաստանը գրանցեց շատ բարձր, աննախադեպ բարձր տնտեսական անկման ցուցանիշ», - հայտարարեց Արտակ Մանուկյանը։

Կառավարության, Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կփակի մոտ 7 տոկոս անկմամբ։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, աշխարհի բազմաթիվ երկրների հարվածած տնտեսական այս ճգնաժամի ընդհանուր պատճառը առողջապահական է՝ կորոնավիրուսը, ուստի բազմաթիվ պետություններ փորձում են ոչ ստանդարտ լուծումներ գտնել։

«Եվ այս պայմաններում ամեն մի երկիր իր խնդիրը յուրօրինակ ձևով է լուծել՝ գարնանը մի ձևով է լուծել, հիմա, աշնանը՝ մեկ ձևով, կամ նույնիսկ նույն մոտեցումներն են ցուցաբերում, օրինակ, Եվրամիության երկրները, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, կամ Մեծ Բրիտանիան, կամ նույն Ճապոնիան, որովհետև իրենք ուղղակի հնարավորություն են տալիս իրենց արժույթը տպելով՝ շուկա մտցնել էդ գումարները և մարդկանց օգնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խաչատրյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի պարագայում կարևոր է, որպեսզի նախորդ երկուսուկես տարում երկրի տնտեսության ձեռք բերած ազատությունները, որ բացակայում էին նախորդ վարչակարգերի օրոք, պահպանվեն, ինչը կհեշտացնի տնտեսական վերականգնումը։

«Պատահական չէ, որ կորոնավիրուսի ու պատերազմի պայմաններում Հայաստանի տնտեսությունն ավելի քիչ անկում ունեցավ, քան 2009 թվականին էր»,- հավելեց տնտեսագետը։

«Իրականում, եթե մենք ռեալ նայեինք այն վիճակում, երբ որ չկար մրցակցություն, երբ որ կար հովանավորչություն, երբ որ կար կոռուպցիա, այսինքն՝ էն, ինչ որ 2009 թվականին էր, այդ դեպքում մենք կունենայինք շատ ավելի վատ պատկեր։ Մենք հիմա դրա փոխարեն, նույնիսկ 7 տոկոս, ես 8 տոկոս եմ հաշվում, իրականում, 8 տոկոսի դեպքում հետագա տարիների վերականգնելու հնարավորությունը բավականին արագ է լինելու», - վստահեցրեց Վահագն Խաչատրյանը։

XS
SM
MD
LG