Մատչելիության հղումներ

ԿԲ նախկին նախագահի խոսքով, արտաժույթի շուկայում իրավիճակն արդեն կայունանում է


Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան

Երևանի փոխանակման կետերի մոտ այսօր վիճակը հանգիստ էր, տարադրամի փոխարժեքը նախապատերազմյան շրջանից համեմատությամբ թեև դեռ բարձր է, սակայն տարադրամ վաճառող կետերից մեկի աշխատակիցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մարդիկ արդեն խուճապային փոխանակում չեն իրականացնում․ - «Սկսեց կարգավորվել փոխարժեքները, ու տենդենցը դեպի նվազում է։ Երևի մի քանի օրերին ընթացքում արդեն կկարգավորվի, կստաբիլանա փոխարժեքը։ Թե մինչև ուր կիջնեն կուրսերը, պարզ չէ, բայց կկայունանա»։

Ըստ Կենտրոնական բանկի կայքէջում պահվող փոխարժեքի արխիվի, պատերազմի սկզբին՝ սեպտեմբերի 27-ին դոլարը 485 դրամ էր, մարտական գործողությունների ավարտին՝ նոյեմբերի 9-ին 493 դրամ։ Դրամի արժեզրկումն արագացավ պատերազմից հետո՝ նոյեմբերի 19-ին դոլարը հատեց 500 դրամի շեմը, իսկ ամենաբարձր փոխարժեքը, ըստ Կենտրոնական բանկի, երեկ էր՝ 512 դրամ։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, արտաժույթի շուկայում իրավիճակն արդեն կայունանում է։

Խուճապային տրամադրությունները, ըստ Ասատրյանի, ստեղծվել էին ոչ մեծ գումարներ ունեցողների կողմից։ Այսօր, օրինակ, թե՛ դոլարի գինն է նվազել երեկվա համեմատ, թե՛ առքուվաճառքի տարբերությունը՝ մարժան․ - «Ալիքը բարձրացրեցին հիմնականում փոքր փողատերերը՝ 50, 100 հազար դրամատերերը, որոնք դիմեցին և սկսեցին․․․ իբր ավելի կայուն ձևով պահելու մասով։ Ալիք էր, որը գնաց։ Լողացող փոխարժեքի քաղաքականությունը հենց սա է նշանակում։ Ասեմ, որ ինստիտուտները ֆինանսական՝ բանկերը և այլն, առաջին օրերին իրենց էլ էդ պանիկային տրվեցին, բայց Կենտրոնական բանկը էս դեպքում շատ հստակ դիրքորոշում ցուցաբերեց»։

Երեկ Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, որ շարունակում է մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Այս հայտարարությունից բացի Կենտրոնական բանկը հրապարակեց նաև հայաստանի միջազգային պահուստների մասին տեղեկատվություն։

Նաև այս հայտարարությունը, ըստ Բագրատ Ասատրյանի, նպաստեց, որ ընդհանուր մթնոլորտը կայունանա․ - «Ոչ թե պատեպատ իրան տվեց, որ սովորաբար անում է, այլ հստակ հայտարարեց իր քայլերը․ որ կմիջամտի այն դեպքում, երբ որ իր խնդիրները վտանգված լինեն, այն է՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը։ Սա մեկ։ Եվ երկրորդը, ոչ թե ասեց՝ մենք բավարար միջոցներ ունենք և այլն, այլ թվերը հրապարակեց՝ արտահերթ հրապարակումը միջազգային պահուստների վերաբերյալ։ Թվերը գիտեք՝ մոտավորապես 2 միլիարդ 650 դոլար։ Այսինքն ես կասեի՝ այս ցուցանիշների ներքո (արդեն գալիս եմ զուտ ֆինանսական դաշտ) մենք ունենք աննախադեպ բարձր թիվ արտաքին պահուստների»։

Ստեղծված վիճակում դերակատարություն ունի նաև Կառավարության գործելակերպը, որը, ըստ տնտեսագետի, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում ձախողել է բարեփոխումները և խոստումները չի իրագործել։ 2021 թվականի վրա ազդեցության առումով հենց Կառավարությունը մեծ դերակատարություն ունի․ - «Խնդիրը հետևյալն է․ այս անհանգստությունները հնարավոր է մի հատ էլ բռնկվեն, մի հատ էլ ալիք առաջացնեն։ Էստեղ մասնակիցների, ինստիտուտների կայուն գործելակերպի խնդիրն է։ Կենտրոնական բանկը էստեղ, այո, անելիքներ ունի, և կրկնում եմ՝ մոռանում ենք Կառավարության մասին, բայց Կառավարության քայլերով շատ բան է պայմանավորված․ ծախսեր է անելու, էս է անելու։ Մենք ունենք բյուջեի բավականին լուրջ ճեղքվածք, դեֆիցիտ ունենք, ծրագրայինից շատ ավելի բարձր։ Էստեղ Կառավարության պատասխանատվությունը շատ-շատ մեծ է։ Տասնապատիկ ավելի շատ մեծ է, որովհետև էստեղից են գալու այն իմպուլսները, որոնք այլ համակարգերի արդյունավետ գործունեության և կայունության երաշխիք կհանդիսանան»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով, դրամի արժեզրկումը հոգեբանական գործոններով է պայմանավորված, տնտեսական ցուցանիշներում՝ արտահանում, ներմուծում, տրանսֆերտներ, անկում կա, սակայն ընդհանուր հաշվեկշիռը այնիպիսին չէ, որ հանգեցնի դրամի արժեզրկմանը․ - «Մենք, ճիշտ է, ունենք արտահանման նվազում, բայց նաև ներմուծման նվազում ունենք։ Էնպես չի, որ բալանսը շատ խաթարվել ա։ Հակառակը՝ բարելավվել ա։ Տրանսֆերտները տենց էապես չեն նվազել։ Այսինքն՝ էս դեպքում փոխարժեքի տատանումը, դրամի արժեզրկումը ավելի շատ կապված ա երևի տեղի ունեցող իրադարձությունների հետ, ու այդ իրադարձությունների ֆոնին մարդկանց սպասումների, տրամադրությունների, վարքագծի փոփոխության հետ»։

Արտարժութային այս տատանումը, ըստ Բաբկեն Թունյանի, գնաճի վրա էական ազդեցություն չի ունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG