Մատչելիության հղումներ

ՄԻՊ խմբերն այցելել են Ոստիկանության բաժիններ, զրուցել ակցիաներից բերման ենթարկված 33 անձի հետ


Ընդդիմադիրների ակցիան Աբովյան փողոցում, 8-ը դեկտեմբերի, 2020թ․
Ընդդիմադիրների ակցիան Աբովյան փողոցում, 8-ը դեկտեմբերի, 2020թ․

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբերը երեկ այցելել են Ոստիկանության բաժիններ։ Խմբի անդամներն առանձնազրույցներ են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 33 անձի հետ, ուսումնասիրել նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Ըստ Պաշտպանի գրասենյակի հաղորդագրության, բաժիններում գտնվելու ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ որևէ բողոք կամ վատ վերաբերմունքի դեպք չի արձանագրվել:

ՄԻՊ-ը նաև տեղեկացնում է, որ արձանագրվել են տեղեկություններ և հրապարակումներ անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ 4 դեպքով, որոնցից 2-ը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումների հիման վրա, իսկ մյուս 2-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում:

Բոլոր 4 դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման մասին տվյալները վերաբերել են փողոցից Ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, այդ թվում՝ 2 դեպքով Ոստիկանության հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելիս կամ այդ տրանսպորտային միջոցում:

«Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հրապարակված տեղեկություններն առ այն, որ մեկ դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն։Նշված բոլոր հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո. մշտական կապ է պահպանվում փաստաբանների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել Փաշինյանին՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00 հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։

12-ն անց 08-ին մտնելով ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ Սաղաթելյանը հայտարարեց՝ քաղաքացիներն այլևս լեգիտիմ իրավունք ունեն անցկացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար։ Այդ պահից սկսած մինչև17։00 քաղաքացիները երեկ փակում էին փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG