Մատչելիության հղումներ

Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցն ԱԺ-ն կքննի փակ նիստում


ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կեղծելով քվեարկությունը՝ տապալեց ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ, ԱԺ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նիստի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է՝ հրատապ քննարկումն անցկացնել փակ նիստում։ «Այս առաջարկությունը մենք կարող ենք ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված քվերակությամբ», - ասաց Նազարյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց՝ թեման զգայուն է, առնչվում է ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, կառավարությունը և համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որպեսզի նրանք շուտափույթ վերադառնան, հետևաբար նրանց անվտանգությունից և այս գործընթացը չխաթարեկու տեսանկյունից ելնելով իրենք գրությամբ դիմել են ԱԺ նախագահին որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ։

«Եկանք փակ քվերակության ես հասկացա, որ իրանք ձայներ չունեն, իրանք հասկացան, որ մենք չենք քվերակելու և քվեարկությունը տապալվելու է, 20 րոպե ընդմիջում ուզեցին։ 20 րոպե հետո դրեցին քվեարկության, որոշումը չընդունվեց՝ 65 ձայն, երկրորդ անգամ, դրեցին՝ 66 ձայն, երրորդ անգամ դրեցին՝ 68 ձայն դարձավ, ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց փոխարեն քվերակեցին, կեղծեծին քվերակությունը, ինչ ա թե քննարկումը լինի փակ», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իրենք ելույթներից հետ նաև ուղերձ էին նախապատրաստել, որը ոչ մի քաղաքական բովանդակություն չուներ։

Քննարկումները կմեկնարկեն այսօր ժամը 14։00-ին՝ փակ նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG