Մատչելիության հղումներ

Իշխանությունն ու ընդիմությունը հավաստիացնում են՝ քաղաքական պայքարը միայն խաղաղ է լինելու


Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում, 5-ը դեկտեմբերի, 2020
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում, 5-ը դեկտեմբերի, 2020

Հայաստանի իշխող և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հավաստիացնում են, թե հավատարիմ են միայն խաղաղ, քաղաքակիրթ քաղաքական պայքարին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի են բռնություններն ու ապօրինի գործողությունները։

Վազգեն Մանուկյանի գլխավորածշաբաթօրյա հանրահավաքից հետո Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հրապարակմամբ, թե ընդդիմադիրների ակցիան ավելի է խորացրել մտավախությունը, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա։

Խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե շարունակաբար խոսել բռնություններից ու քաղաքացիական պատերազմից, նշանակում է նպաստել նման օրակարգի բյուրեղացմանը․ - «Մեր օրակարգն է՝ գնալ քաղաքական կայունացման ճանապարհով, և ես պետք է շեշտեմ, որ առաջարկվող զանազան, ազգային համաձայնության անվան տակ ծրագրերը ոչ այլ ինչ են, քան ժողովրդի քվեն խմբագրելու փորձեր, և մեզ համար ընդունելի չեն։ Հայաստանում հանրային իշխանության մարմիններ կարող են ձևավորվել կա՛մ արտահերթ ընտրությունների միջոցով, կա՛մ հերթական ընտրությունների միջոցով»։

Կարապետյան շարունակեց, թե օրենքն ու հանրային կարգը պետք է պահպանվեն, իշխանությունները ապահովելու են քաղաքացիների իրավունքի իրացումը՝ անցկացնել հավաքներ, ժողովներ։ Միաժամանակ, իշխանական պատգամավորը հորդորեց ընդդիմադիր ուժերին հարթակից չհնչեցնել սպառնալիքներ, բռնության կոչեր։

Ilur.am-ում հրապարակած հոդվածում մեջբերելով ընդդիմադիրների վարչապետի թեկնածու հռչակված Վազգեն Մանուկյանի՝ «Ազատության» հրապարակում ունեցած ելույթից, թե Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», կամ որ «շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է. - «Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում։ Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»։

Առաջին նախագահը միաժամանակ հայտարարել է, թե նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև Նիկոլ Փաշինյանը, որի պահվածքը և հռետորաբանությունը «ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման»։

«Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է», - գրել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը՝ եզրափակելով. - «Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը՝ Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե քաղաքացիական պատերազմ հրահրելու որևէ մտադրություն ընդդիմադիրները չունեն․ - «Քաղաքացիական պատերազմ կարող է հրահրել բացառապես իշխանությունը։ Մենք նման որևէ մտադրություն չունենք և մենք մեր քայլերով մինչև օրս ցույց ենք տվել, որ դեմ ենք բռնություններին, դեմ ենք ապօրինի գործողություններին։ Ես կոնկրետ բազմիցս հայտարարել եմ, որ, այո, իշխանափոխություն պետք է լինի, շատ արագ պետք է լինի, բայց իշխանափոխությունը պետք է լինի բացառապես սահմանադրական ճանապարհով»։

Հարցին, թե ինչ է անում իրենց գլխավորած ուժը նման հեռանկարից խուսափելու համար, Վանեցյանը պատասխանեց․ - «Մենք օգտվում ենք օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումներից, գործիքակազմից և իրականացնում ենք մեր ակցիաները՝ սկսած միտինգներից, վերջացրած անհնազանդության ակցիաներով և այլ տիպի ակցիաներով»։

Նույն ընդդիմադիր դաշինքից ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի խոսքով, «եթե Լևոն Տեր-Պետորսյանը ներկա լիներ Ազատության հրապարակում ու տեսներ հավաքաված տասնյակ հազարավոր քաղաքացիների կոռեկտությունը, կրթվածութունը, երբեք չէր մտածի, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա»․ - «Իհարկե, այստեղ թերևս Տեր-Պետրոսյանը չի խոսում, բայց կիսաձայն ակնարկում է Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Ով-ով, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի այն վտանգը, որ կարող է սպառնալ Նիկոլ Փաշինյանից՝ ի նկատի ունենալով 2008 թվականի ողբերգական դեպքերը, երբ որ ընդդիմության իբրև առաջնորդ էր ինքը, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հիմնական շարժիչ ուժը»։

Կեսօրից հետո հաղորդագրությամբ հանդես եկավ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԱԾ-ին և Ոստիկանությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ հանրապետությունում զենքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կամ բռնություններով զուգորդված հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ, քանի որ «ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաև 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված հասարակական կարգին սպառնացող վտանգներ»:

Հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ-ն․ - «Մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին»։

Բացի այդ, ծառայությունը տեղեկացնում է նաև, որ «ներկայումս առկա են Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ԱԱԾ-ն ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, չեզոքացնելով Հայաստանի ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»:

XS
SM
MD
LG