Մատչելիության հղումներ

Մանուկյանի գլխավորած հանրահավաքը խորացրել է Տեր-Պետրոսյանի մտավախությունը քաղաքացիական պատերազմի վտանգի մասին


Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի է խորացրել Լևոն Տեր-Պետրոսյանի մտավախությունը, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա։ Ilur.am-ում հրապարակած հոդվածում առաջին նախագահը մեջբերել է վարչապետի թեկնածու հռչակված Մանուկյանի՝ Ազատության հրապարակում ելույթից, թե Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», կամ որ «շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:

«Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում»,- մեկնաբանում է Տեր-Պետրոսյանը` ընդգծելով. «Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»։

Առաջին նախագահը միաժամանակ հայտարարում է, թե նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև Նիկոլ Փաշինյանը, որի պահվածքը և հռետորաբանությունը, ըստ Տեր-Պետրոսյանի, ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: «Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է»,- եզրակացրել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ապացույց վկայաբերելով, որ թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են, երկուսն էլ խորհրդարանը գրոհելու «փայլուն» փորձ ունեն։

Տեր-Պետրոսյանը հիշեցրել է իր պաշտոնավարման օրոք՝ 1996-ին Վազգեն Մանուկյանի և աջակիցների կողմից խորհրդարանի վրա հարձակումը, երբ ծեծի էին ենթարկվել բարձրաստիճան պաշտոնյաներ, ապա, ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանը նկատի ունի 2018-ին վարչապետ Փաշինյանի և աջակիցների մուտքը Ազգային ժողով՝ արտահերթ ընտրությունների պահանջով։

2018-ին, գրում է Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարան Հանրապետականը արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ այսօր ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցաբերում: Առաջին նախագահը նաև շեշտում է, որ չէր ցանկանա տպավորություն ստեծել, թե այս հոդվածով հակադրվում է Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: «Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով», - գրել է առաջին նախագահը` կոչ անելով ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին։

Ի դեպ, անդրադառնալով 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ Տեր-Պետրոսյանը գրել է, թե ցավոք այն վիժեցրեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, առաջին նախագահի տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր, հայտարարում է առաջին նախագահը, որը 2018-ին ողջունել էր Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխությունը։

XS
SM
MD
LG