Մատչելիության հղումներ

Ըստ նախագահի, պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղել քաղաքների ու գյուղերի վերականգնմանը


«Նույնիսկ այս վիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ապաքինվեն երկրաշարժի վերքերը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում:

«32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ունենք մեծաթիվ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաև Արցախի տարածքի մի մասը։ Ի հետևանք՝ երկրում առկա է բազմաշերտ ճգնաժամ՝ բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչև սոցիալ-տնտեսական։

Եվս մեկ անգամ իմ ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում», - նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը:

Երկրաշարժի, պատերազմի հետևանքներին, ըստ նախագահի, այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը երկրում. «Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք»։

«Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հանուն մեր հերոսների, որ նահատակվել են վերջին պատերազմում, հանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին։

Խոնարհվում եմ նրանց բոլորի հիշատակի առջև, առողջություն, տոկունություն ու հաստատակամություն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, և խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին», - նաև նշել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG