Մատչելիության հղումներ

Հակաթուրքական դաշինքի մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունը քաղաքագետները համարում են «չհաշվարկված և անհեռատես»


Քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը (ձախից) և Արման Գրիգորյանը (աջից)

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին զարմացրել է ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Թուրքիայի դեմ դաշինքի մաս կազմելու վերաբերյալ հայտարարությունը։ Քաղաքագետն ասում է՝ փորձը ցույց է տալիս, որ երկրների դեմ դաշինքներն արդյունավետ չեն լինում։

«Դաշինքը, որը հիմա ձևավորվում է, այդ դաշինքը Հունաստանն է, Ֆրանսիան է, Կիպրոսն է, Արաբական Էմիրությունները: Այդ երկրները չեն համախմբվում որպես հակաթուրքական, իրենք ավելի շատ համախմբվում են նրա համար, որ Թուրքիայի ախորժակները զսպեն», - ասում է քաղաքագետը:

Վազգեն Մանուկյանը երեկ ընդդիմադիրների հանրահավաքի ընթացքում հայտարարեց. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել։ Աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»։

Իր ելույթի մյուս կետում ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն, անդրադառնալով անվտանգությանը, ասաց՝ այդ հարցի մեջ մտնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Մեր բնական հարաբերություններից բացի, այս տարածքում եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան։ Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ։ Եվ բոլոր այն մարդիկ, որ ասում են` գնանք, թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած թե չուզած, կամա թե ակամա ծառայում են թշնամու շահերին»,- նշել էր Վազգեն Մանուկյանը։

Արձագանքելով այս պնդմանը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ եթե եռակողմ հայտարարության արդյունքում տարածաշրջանի ճանապարհները բացվում են, ապա կամա թե ակամա Հայաստանը պետք է համագործակցի Թուրքիայի հետ։ Հայտարարության վերջին՝ իններորդ կետում, հիշեցնենք, առանց հստակ ժամկետների նշված է՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

«Դա է պատճառը, որ այդպես կոշտ դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ անհասկանալի է: Եթե մենք տրանսպորտային կոմունիկացիաները բացում ենք, ուզած-չուզած պետք է համագործակցես, ավելին` պետք է փորձես հասկանալ` այստեղ մեջը քո օգուտը կլինի, թե ոչ: Ես կոպիտ եմ ձևակերպում», - նշում է Ստեփան Գրիգորյանը:

Հակաթուրքական դաշինքի մասին հայտարարությունը չհաշվարկված և անհեռատեսական է համարում քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսորը տարակուսած է՝ ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել, եթե այդպիսի դաշինք գոյություն չունի. «Մեր ամբողջ դժբախտությունն այն է եղել, որ այդ կարգի ագրեսիվ քաղաքական դիրքորոշումներ ենք ունեցել վերջին շրջանում, որը որևէ բանով ամրապնդված չի եղել` ոչ մեր ունեցած ուժով, ոչ դաշնակիցների աջակցությամբ: Ի՞նչ է նշանակում այսօր վեր կենալ, ասել, որ մենք պատրաստ ենք միանալ հակաթուրքական կոալիցիաներին: Մենք ի՞նչն ենք հրավիրում թուրքերի կողմից և ինչի՞ վրա ենք հույս դնում, երբ որ այդ տեսակ հայտարարություն ենք անում»:

Վազգեն Մանուկյանն իր ելույթի ընթացքում նաև նշեց. «Եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդը կհոշոտի Փաշինյանին»: Քաղաքագետի խոսքով` այս հայտարարությունը դատապարտելի է. «Ամենախիստ տոնով և ամենախիստ բառերով պետք է դատապարտել Վազգեն Մանուկյանի այդ հայտարարությունը: Այդ մարդն այդպես էլ իր սեփական քաղաքական կարիերայից նույնիսկ ոչինչ չսովորեց, ոչ մի դաս չառավ: Ի՞նչ է նշանակում` գազազած ժողովուրդը կհոշոտի: Պետք է միայն խոսել սահմանադրական և օրենքի շրջանակներում քաղաքական փոփոխություններից: Գազազած ժողովրդի մասին այդ տեսակ հայտարարությունները ոչ մեկի պատիվ չեն բերում, նույնիսկ Վազգեն Մանուկյանին»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները 2018-ի հեղափոխությունից հետո վարչապետին ու նրա թիմին մեղադրում էին քաղաքական հակառակորդների նկատմամբ անհանդուրժողականության, մարդկանց սևի ու սպիտակի բաժանելու մեջ։ Ըստ Արման Գրիգորյանի՝ այժմ ընդդիմադիրներն են հենց այդ ճանապարհով գնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG