Մատչելիության հղումներ

ԱԳ նախարար Այվազյանի խոսքով, դիվանագիտական աշխատանքի արդյունքները «խոսուն կլինեն»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովովում պատգամավորների հետ ավելի քան երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, մի հայտարարություն հանեց, ասաց՝ ինքն է հեղինակը ու ընթերցեց՝ սահմանափակվելով միայն դրանով․ - «Կարդալու եմ, որ հանկարծակի այլ մեկնաբանություն չլինի»։

Այսօրվա իրավիճակին նրա գնահատականը հետևյալն է՝ հայկական կողմը դիմակայել է անհամաչափ ուժերի։ Հայտարարության մի հատվածն էլ «լուռ դիվանագիտության» նրա թեզին էր վերաբերում․ - «Դիվանագիտությունը սիրում է լռություն։ Մեկնաբանություններից խոսուն կլինեն աշխատանքների արդյունքները»։

Այվազյանի այս ձևակերպումից լրագրողները տպավորություն ստացան, որ արտգործնախարարը պերճախոս չի լինելու։

«Պատմությունը ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը», - ասաց Այվազյանը։

Նա խոսեց նաև բանակի մասին, որ ինքը բոլորի հետ խոնահվում է հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկիչներ եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային հերոսաբար դիմակայած ազգային բանակի առաջ։

Արդյո՞ք այս հայտարարությունը նախորդը սրբագրելու փորձ էր։ Մի քանի օր առաջ նախարարի «ռազմադաշտում ձախողում եղել է, դիվանագիտության մեջ՝ ոչ» հայտարարությունը բուռն քննարկումների առիթ տվեց․ - «Իմ նախորդ հարցազրույցը խնդրում եմ նայեք՝ որևէ տարբերություն չկա»։

Որևէ այլ հարցի պատասխան նորանշանակ նախարարից հնարավոր չեղավ ստանալ՝ այդ թվում, թե արդյոք սպասվում Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսում, ինչի մասին այս պահին խոսք չկա։

«Ազատության» դիտարկմանը, որ Ալիևը խոսում է Բերձորը վերադարձնելու, Լաչինը վերադարձնելու մասին, երբ հայտարարությունում այդպիսի պայմանավորվածության մասին խոսք չկա, Այվազյանը հակադարձեց․ - «Իսկ դուք ինչի՞ ուշադիր չեք կարդում մեր հայտարարությունները, մեր հարցազրույցները և հղում չեք կատարում դրանց»։

Իսկ հարցին, թե գուցե հավելվա՞ծ կա, որի մասին մենք չգիտենք, արձագանքեց․ - «Չկա էդպիսի բան»։

Այսօրվա հանդիպմանը նաև փոխարտգործնախարարներ Ավետ Ադոնցն ու Արտակ Ապիտոնյանն էին մասնակցում, նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում փակագծեր չբացեց․ - «Սա առաջին հանդիպումն էր մեր հանձնաժողովում և ընդհանրապես պատգամավորների առաջին հանդիպումն էր նորանշանակ արտգործնախարարի հետ։ Քննարկում էինք ետպատերազմյան շրջանում մեր արտաքին քաղաքականության նոր ճարտարապետության հետ կապված հարցեր, ինչպես նաև առօրեական հարցեր»։

Փակ հանդիպումից որոշ մանրամասներ պատմեց որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջայնանը։ Ըստ նրա, այսօրվա հանդիպման ժամանակ նախարար Այվազյանը ասել է՝ հայկական կողմին հաջողվել է պահպանել Մինսկի խմբի ձևաչափը։ Վերահաստատել է, որ Հադրութը, Շուշին ու Մարտակերտի մի հատվածը հայկական կողմը համարելու է օկուպացված տարածք ու բանակցային գործընթացի ուղղություն է դարձնելու։ ․ - «Նախարարը խոսեց էն մասին, որ հայկական կողմին հաջողվել է պահպանել Մինսկի խումբը և, ըստ ամենայնի, հայկական կողմը հենց այդ խմբի շրջանակներում պատկերացնում է հետագա աշխատանքը կարգավիճակի շուրջ»։ Թե ի՞նչ է նկատի ունեցել արտգործնախարարը Մինսկի խմբի ձևաչափը պահպանել ասելով, պատգամավորը հրաժարվեց պարզաբանել։

Բաբաջանյանի տպավորությամբ՝ պաշտոնական Երևանի համար Մադրիդյան սկզբունքներն են մնում բանակցություններում վերջնական կարգավիճակի ճշտման միջոցը․ - «Անհասկանալի է, թե ինչպես մենք կարող ենք Մադրիդյան սկզբունքների շուրջ շարունակել բանակցությունները, երբ այդ սկզբունքները ամբողջությամբ ոտնահարվել են, այդ թվում նաև ուժ չկիրառելու պարտադիր սկզբունքը, ինչպես նաև տարածքային ամբողջականության խնդիրը, որը լուծվել է արդեն ըստ էության Ադրբեջանի ռազմական գործողությունների շնորհիվ։ Եվ մնացել է փաստորեն ինքնորոշման հարցը, որը հայկական կողմը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, իմ տպավորությամբ, չունի վերջնական որոշում Արցախը ճանաչելու վերաբերյալ։ Մենք շարունակում ենք այստեղ ևս շատ երկչոտ քաղաքականություն վարել՝ ըստ էության մեկ նպատակ հետապնդելով, որը վերաբերում է նոր էսկալացիա թույլ չտալուն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»։

Ի դեպ, ըստ Բաբաջանյանի, հանդիպման սկզբում ինքը առաջարկել է բաց ձևաչափով քննարկումները կազմակերպել, որ հանրությունն էլ իմանա, թե ինչ հարցեր են բարձրացվում արտգործնախարարության պատասխանատուների առջև։ Ստացել է մերժում. – «Հանձնաժողովի նախագահը՝ Ռուբեն Ռուբինյանը միանձնյա որոշում է կայացրել, որ պետք է հանդիպումը փակ ձևաչափով ընթանա, և որոշումը մնաց անփոփոխ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG