Մատչելիության հղումներ

Նախագահը և Արման Թաթոյանը քննարկել են Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Արման Թաթոյանը տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:

Նախագահը, ըստ հաղորդագրության, նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Արմեն Սարգսյանն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG