Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը քննարկել են առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը


Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ:

Ըստ հաղորդագրության, Արզումանյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը:

ՊԲ հրամանատարն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման և Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ:

Հայաստանի պաշտպանության նախարարը կարևորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ գործակցությանը վերաբերող հարցերին:

Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարն Արցախի նախագահի, Արցախի ՊԲ հրամանատարի և ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի իր պաշտոնակցի, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG