Մատչելիության հղումներ

95-ամյա կինը հիշում է, թե ինչպես 400 տարվա պատմություն ունեցող խաչքարը գիշերով Ադրբեջանից տեղափոխեցին Հայաստան


Սիրանույշ Մելիքյանը համբուրում է Խաչակապից բերված խաչքարը

95-ամյա Սիրանույշ Մելիքյանն ապրած կյանքի կեսից ավելին Ադրբեջանում է անցկացրել։ 32 տարի առաջ Ադրբեջանի Կուշչի, նախկին Խաչակապ, գյուղից բռնագաղթելիս ամուսնու հետ գյուղից հանել է 400 տարվա պատմություն ունեցող խաչքարը, իրենց բեռնատարում, կենցաղային իրերի տակ զգուշորեն թաքցրել այն ու բերել Հայաստան։ Ադրբեջանցիները կարգելեին, վտանգավոր էր, ասում է նա։

«Բորտավոյ մեքենայա քշել ամուսինս, տակին դարման ա փռել ու խաչքարը վրեն դրել, գլխին էլ՝ տեղաշորը, ու ինքն էլ էնքան վարժ էր ադրբեջաներեն խոսում, դե համարն էլ՝ ադրբեջանական, տեսնողը չէր իմանում հայ ա, թե՞ թուրք։ Քանի տեղ կանգնացնում են, խոսում ա ու փախցնում», - ասաց Սիրանույշ տատն ու շարունակեց․ - «Տարան մեր խաչքարարեը լոխ կորցրին։ Բայց կյանքի ու մահվան խնդրով իմ ամուսինը բերեց։ Քշերվա կեսին առանց լույսի անտառի միջով քշին»։

Բաղյանները հայ-վրացական սահմանի առաջին գյուղում՝ Բագրատաշենում, ադրբեջանցու անդուռ-անպատուհան մի տուն են գնել, վերակառուցել ու բակում խնամքով տեղադրել խաչքարը։ Նրանց տան բոլոր չորս սերունդներն աչքի լույսի պես են պահում փրկված մասունքը, հաճախ աղոթք ասում նրա առաջ։

«Մեր երեխայի պես պահում ենք, խնամում ենք, ամեն կիրակի մոմ ենք վառում, մատաղ ենք անում։ Նենց որ ես չեմ պատկերացնում մեր տունը, մեր օջախն առանց էս խաչքարի», - ասաց Սիրանույշ Մելիքյանը։

Բաղյանները պատմում են՝ Խաչակապի 5-րդ դարում կառուցված Թարգմանչաց վանքի հարակից տարածքում 7 խաչքար կար, դրանցից միայն մեկն են կարողացել տեղափոխել, մյուսները կանգնեցրել են, ամրացրել հողին ու պահ տվել ադրբեջանցիներին։ Բայց ընդամենը մի քանի ամիս անց տեղեկացել են, որ վանքը կիսով չափ ավերվել է, խաչքարերն էլ՝ հավասարվել գետնին։

Ադրբեջանի իշխանությունները խորհրդային տարիներին են հայկական Խաչակապը դարձրել Կուշչի։ Նոր անունը, սակայն, տեղի հայերի սրտով չի եղել ու մինչև այսօր էլ 95-ամյա կնոջ ու նրա ժառանգների հիշողություններում իրենց ծննդավայրը Խաչակապ է մնացել՝ 5-րդ դարի Թարգմանչաց վանքով։

Այսօր էլ Բաղյանների տան պատերին Խաչակապը հիշեցնող լուսանկարներ են, գրադարակներում՝ գյուղի մասին պատմություններ։

«Մեր աշխատանքը, մեր տունը, մեր գյուղը, մեր հարևանությունը, մեր բարեկամությունը, գերեզմանները, վանքը, ամեն ինչ․․․ Ես միշտ իմ մտքում մեզ եմ մեղադրում՝ խի՞ դուրս եկանք, ինչ կլիներ՝ կլիներ, խի՞ դուրս եկանք։ Բա, որ դուրս չգայի՞նք, բա երեխե՞քը», - մտորում է 95-ամյա կինը։

Տասնամյակներ առաջ գաղթի դառնությունը զգացած ընտանիքն այսօր էլ նույն դառնությամբ հետևում է՝ ինչպես են հայերը լքում Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերը։ Ամեն տեսարանի հետ տխուր հիշողությունը թարմանում է, արցունքները՝ խեղդում կոկորդը։

Պատերազմի առաջին օրերին Սիրանույշ տատը շատ աղոթք է ասել ու արցունք թափել։ Ասում է՝ բոլոր 44 օրերին զինվորի համար գուլպա է գործել։ Պատերազմը վերջացել է, բայց աչքերի արցունքը չի չորացել, ձեռքի շյուղերն էլ ցած չի դրել․ - «Մինչև մեռնելս ինչքան կարամ գործելու եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG