Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:
Հարությունյանը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ:
Արցախի նախագահը վստահեցրել է, որ բոլոր ջանքերն ուղղված են զինծառայողների ճակատագրերը պարզելուն:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: