Մատչելիության հղումներ

Արցախում հերքում են ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն վերաբերող լուրերը


Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան

Արցախի Ազգային ժողովի իշխող «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե Արցախում ռուսերենը պետական լեզու դարձնելու գործընթաց է սկսվել։

«Նման նախաձեռնությունը Ազգային ժողովում չկա։ Ես հերքումը տվել եմ։ Երևի ինչ-որ թյուրըմբռնում էր կամ սխալ ինֆորմացիա», - ասաց նա։ - «Միանգամից չի կարող լինել, նախ և առաջ։ Երկրորդը, նման գործընթաց ո՛չ սկսել ենք, ո՛չ սկսելու մտադրություն կա, ո՛չ էլ քննարկվում ա այս պահին որևէ բան»։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ևս նման ինֆորմացիա չունի։ Նրա ասաց, որ պետական համակարգի ողջ փաստաթղթաշրջանառությունը հայերեն է։ Ռուսերեն են գրվում միայն այն փաստաթղթերը, որոնք վարվում են ռուսական կողմի հետ, բայց այդ դեպքում էլ պատրաստվում է հայերեն օրինակ և արխիվացվում։

«Այս պահի դրությամբ նման բան չկա։ Կա փաստաթղթաշրջանառություն, որը ռուսերեն է՝ եթե մենք նամակներ ենք գրում տարբեր կառույցների Ռուսաստանի, չճանաչված երկրների որոշ հատվածին։ Կա որ անգլերեն է, կա որ ֆրանսերեն է, մենք էդ բանը ունենք։ Բայց փաստաթղթաշրջանառությունը եղել է և կմնա հայերեն», - «Ազատությանն» ասաց Բաբայանը։ - «Մեր ներկայացուցչությունները, իհարկե, գրագրության մեջ են տարբեր կառույցների հետ՝ եվրոպական լինի, համաշխարհային, և եթե աշխատանքային լեզուն այնտեղ անգլերեն է, գրագրությունը անգլերեն է գնում։ Բայց իհարկե, պատճեն միշտ հայերեն, որպես բնօրինակ, օգտագործվում է։ Արցախում ընդհանրապես միշտ եղել է շատ ուժեղ ռուսաց լեզվի դասավանդումը։ Ամենաուժեղ դպրոցները ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տարիներ շարունակ եղել են Ստեփանակերտի համար 8 և համար 3 ռուսական դպրոցները, որոնք տվել են ամենաշատ հայրենասերները։ Մի մոռացեք, որ ռուսական կրթություն ուներ Չարենցը, ռուսական կրթություն ուներ Դրոն, Արամ Մանուկյանը, Հովհաննես Թումանյանը, Գարեգին Նժդեհը։ Ի՞նչ վատ ա, որ մենք իմանանք ռուսերեն, անգլերեն լեզուները, տիրապետենք պարսկերենի, լավ իմանանք թուրքերեն, քրդերեն․․․ Վա՞տ է։ Իսկ մենք ինչ ենք արել։ Վերցրել ենք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ժամանակին, ուղղակի վոլյունտարիստական որոշում կայացրել՝ բոլոր դպրոցները փակել, անցնել հայերենի։ Առանց ժամանակահատված դրան տրամադրելու, կորցնելով մեծ, շատ ուժեղ ուսուցչական կազմ։ Հիմա լա՞վ է, որ Հայաստանի, Երևանի բնակչության մեծ մասը չի կարողանում խոսել ռուսերեն։ Այն դեպքում, երբ որ ապրանքաշրջանառությունն ամենամեծը Ռուսաստանի հետ է, այն դեպքում, երբ ռազմաքաղաքական, եղբայրական հարաբերություններ ունենք։ Ես կողմնակից եմ, որ մենք հավասարապես տիրապետենք ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի․․․ Բայց ոչ թե ձևական, ազգայնամոլական ամենավատ բաներից ելնելով՝ սկսեն փակել դպրոցներ, դրանով ցույց տանք, որ տեսեք մենք ինչ հայրենասեր ենք։ Մենք հայրենասեր չենք դրանով։ Մենք ընդհակառակը՝ մեր պետությունը թուլացնում ենք»։

Թեմային այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ - «Ռուսաց լեզուն ամեն դեպքում և՛ Ղարաբաղում է գործածվում, և՛ Հայաստանում։ Ռուսերեն են խոսում և Ադրբեջանում։ Ռուսերեն ընդհանրապես աշխարհի շատ վայրերում են խոսում, այդ թվում նաև նախկին Խորհրդային Միության տարածքում։ Խոսում են, որովհետև այն հաղորդակցման համար հարմար լեզու է, և այն նախկինի պես ուսումնասիրում են։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում շարունակել նպաստել դրա տարածմանն ու ռուսերենի տիրապետման մակարդակի պահպանմանը։ Սա մեր խնդիրն ենք համարում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնել։ Դա ցանկացած երկրի ներքին գործն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG