Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի տեղեկատվության վարչությունը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Հարությունյանի խոսքով՝ օրակարգային առաջնահերթություն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ճակատագրերի հարցը, որին ուղղված են բոլոր ջանքերը:
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նախագահի կողմից բարձրացված հարցերի կարևորությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը: