Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արձագանքում են վարչապետ Փաշինյանի հայտարարություններին


Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, արխիվ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, արխիվ

Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին, որոնցում Փաշինյանը ներկայացրել էր իր հանդիպումներն ու քննարկումները վերջիններիս հետ։

Նրանք հայտարարում են, որ շահարկումներից խուսափելու համար նպատակահարմար չեն գտնում անդրադառնալ վարչապետի այն գրառումներին, որ, ըստ իրենց, չեն համապատասխանում իրականությանը՝ այդպես էլ չհտակեցնելով, հատկապես որ հատվածները նկատի ունեն։

Համատեղ հայտարարության մեջ Ղուկասյանն ու Սահակյանը ամեն դեպքում անդրադառնում են վարչապետ Փաշինյանի նշած մեկ դրվագի, մասնավորապես՝ պատերազմը դադարեցնելու ջանքերին՝ նշելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման վերաբերյալ նամակներ էր պատրաստել, որ պետք է ուղղվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին և Հայաստանի վարչապետին: Սակայն վարչապետ Փաշինյանը պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում այդ նամակներն ուղարկելը կորցրել է իր նպատակահարմարությունը:

«Սա է ամբողջ ճշմարտությունը», - գրել են Արցախի պաշտոնաթող նախագահները։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած քննարկումների մասին գրելով՝ որևէ կերպ Արայիկ Հարությունյանի պատրաստած նամակների մասին չի հիշատակել։ Նշել է միայն, որ այդ օրը Արցախի նախագահն իրեն զանգահարել է և ասել, որ պատերազմը պետք է կանգնեցնել, և որ այդ տեսակետին են նաև Արցախի ու Հայաստանի պաշտոնաթող նախագահաներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այնուհետև Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, և վերջինս ասել է, թե կարծում է, որ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ, այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում:

Ըստ Փաշինյանի, երբ ինքը զանգահարել և այս տարբերակը ներկայացրել է Արցախի նախագահին, վերջինս հոկտեմբերի 19-ին համաձայնել է, սակայն օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն իր հետ հանդիպման ժամանակ ասել են, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման որևէ համաձայնության գալուն, և որ դա նաև Հայաստանի երեք նախկին նախագահների տեսակետն է։

Այսօր Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, սակայն, իրենց հայտարարության մեջ չեն նշում, թե սկզբում հայաձայնել, հետո, կարգավիճակը հարցը բարձրացնելով, հրաժարվել են պատերազմը կանգնեցնելու գաղափարից։

Փոխարենը հիշատակել և հրապարակել են Արայիկ Հարությունյանի պատրաստած նամակները, սակայն հայտարարությունից հետևում է, որ դրանք այդպես էլ չեն ուղարկվել, քանի որ Փաշինյանը պնդել է՝ ուղարկելն այլևս նպատակահարմար չէ։

Ավելի վաղ վարչապետի գրառումներին բավական կոշտ արձագանքել էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը սուտ էր որակել Փաշինյանի գրառումը, իսկ Տեր- Պետրոսյանի մամուլի խոսնակը գրել էր, որ առաջին նախագահն անիմաստ է համարում անդրադառնալ Փաշինյանի հայտարարություններին, որ Փաշինյանն արդարանալու հնարավորություն չունի, և որ հայ ժողովուրդը նրան չի ներելու։

Այսօր, Արցախի նախկին նախագահների հայտարարությունից, և Արայիկ Հարությունյանի հոկտեմբերի 19 ին պատրաստված, սակայն այդպես էլ չուղարկված նամակների մասին հրապարակումից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրել է, որ այդ օրերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը․ որպեսզի անհապաղ հրադադարի վերաբերյալ Փաշինյանի որոշումը չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա։

«Ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համարց, - գրել է Մուսինյանը՝ շարունակելով․ - «Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը՝ դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը»:

Մուսինյանը նաև հրապարակել է այդ օրերին պատրաստված Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որում առաջին նախագահը նշել է, որ Հայաստանի բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության, և Հայաստանի ներկայիս իշխանություններն էլ իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը։

Մուսինյանը հիշեցնում է, որ այս ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ «դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»:

Ինքը ՆԻկոլ Փաշինյանը նոյեմբերի 29 ին արած գրառման մեջ բացատրում է, որ հոկտեմբերի 20-ին պատերազմը հնարավոր չի եղել կանգնեցնել, քանի որ Ալիևը դարձյալ նոր պայման է դրել՝ խաղաղապահները ոչ թե նախկին ԼՂԻՄ-ի սահմաններին, այլ փաստացի շփման գծում պետք է տեղակայվեն, իսկ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի:

«Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա -Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ», - գրել է Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմից այսօր որևէ կերպ չեն արձագանքել Արցախի նախկին նախագահների և Լեւոն Տեր պետրոսյանի խոսնակի հայտարարություններին։

XS
SM
MD
LG