Մատչելիության հղումներ

Գոռ Գևորգյանը որոշում է կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից


Լուսանկարը՝ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Գոռ Գևորգյանը որոշում է կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն որպես անկախ պատգամավոր կշարունակի «ընտրողներիս առջև ստանձնած պարտավորությունների կատարումը»: Այդ մասին Գևորգյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Խմբակցությունից դուրս գալու պատճառն, ինչպես Գևորգյանն է նշել, մի շարք հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններն են։

Պատգամավորը վերահաստատել է՝ իր համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:

«Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետևելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին: Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը», - գրել է Գևորգյանը՝ եզրափակելով․ - «Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս: Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին»:

Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշում էին կայացրել Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը, Վարդան Աթաբեկյանը։ Վարազդատ Կարապետյանն էլ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները ստանձնելու պատճառաբանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG