Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ տեղեկացնելով, որ այդ մասին շրջաբերական է ուղարկել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։
Ըստ հաղորդագրության, որոշումը կայացվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ։
Նշենք, որ 1-ից 4-րդ դասարանցիների համար ուսումնական գործընթացը վերսկսվել է նոյեմբերի 13-ից։
ԿԳՄՍՆ-ն հաղորդում է, որ դասերն առկա եղանակով կազմակերպելիս հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանով հաստատված պահանջները:
Միաժամանակ, նախարարությունը նշում է, որ չեն գործում ուսումնական տարվա սկզբին հաստատված՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի սահմանափակումները` բացառությամբ 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանների խմբերի բաժանման դրույթի: Նույնը վերաբերում է նաև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներին, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։
Համաձայն առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանի՝ ուսումնական հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝
- դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ /ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,
- ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով՝ արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),
- թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,
- հեռահար ջերմաչափում։
- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով իրենց գրավոր համաձայնության դեպքում։
- Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով:
Յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։