Մատչելիության հղումներ

«5 օր առաջ Սոթքն Արցախին էր սահմանակցում, հիմա՝ Ադրբեջանին, չգիտենք ուր գնանք, ինչ անենք». Սոթքի բնակիչներն անհանգիստ են


Սոտք գյուղի բնակիչ Սամվել Սարգսյան

Ալիտա Օսեյանը 20 տարի է, ինչ ապրում է Սոթք գյուղում։ Ասում է, որ 44-օրյա պատերազմը իրենց կյանքն էլ կտրուկ փոխեց։ Հինգ օր առաջ Արցախին էին սահմանակցում, հիմա՝ Ադրբեջանին։

Անհանգիստ է, Հակառակորդից մի քանի կիլոմետր հեռավորությամբ ապրելը հեշտ չէ․ - «Անհանգստություն կա, ո՞նց չըլնի։ Չգիտենք ինչ անենք, ոնց անենք, ուր էթանք․․․ Ո՞նց չկա, մտածում ենք։ Թե՛ մեր մասին, թե՛ գյուղի մասին, էրեխեքի»։

Վարդենիսի տարածաշրջանի Սոթք գյուղը Ադրբեջանին հանձնված Քարվաճառից մոտ 6 կիլոմետր է հեռու։ Մինչև արցախյան առաջին պատերազմն այստեղ նաև ադրբեջանցիներ են ապրել, կռիվը սկսելուց հետո են լքել գյուղը։ Նրանց տները դեռ կանգուն են։

Ալիտան ասում է, որ իրենց տունն էլ է ադրբեջանցու եղել․ - «Տեղից մի զոռով ապրել ենք, չարչարված մարդիկ ենք, հիմա էլ հազիվ-հազիվ ծերը ծերին հասցրել ենք, նորից չգիտենք ուր էթանք, ինչ անենք»։

Պատերազմի օրերին Սոթքն էլ է հակառակորդի թիրախում հայտնվել։ Հրետակոծվել է Սոթք - Քարվաճառ ճանապարհը։ Կրակը մեզ համար նորություն չէ, ասում է Ալիտան, բայց ադրբեջանական զորքն արդեն մեր քթի տակ է։ Անհանգստանալու պատճառ՝ ինչքան ասես։

Հիշեցնում է վերջին դեպքը, երբ ադրբեջանական զորքն անարգել մտել էր ոսկու հանքավայրի տարածք․ - «Հիմա էլ տասը օր հանգստացել էինք, ասեցինք դե լավ ա, խաղաղվեց, ու․․․ նորից նույնը»։

45-ամյա Ալիտան երեք զավակ ունի, թոռներ։ Մեկ որդին ու ամուսինը զինվորական են, թեժ մարտերին Օմարի դիրքերն են պահել։ Հիմա ծառայությունը շարունակում են Ճամբարակում։

Անորոշությունից է տագնապում, չգիտի՝ հրադադարը որքանով կպահպանվի։ Բայց գյուղից հեռանալու մասին դեռ չեն մտածում․ - «Ոչինչ չգիտեմ, ոչ մի բանով ապահովված չենք։ Չգիտենք վաղը ինչ կըլնի, կամ հինգ րոպե հետո ինչ ա ըլնելու»։

Սամվել Սարգսյանի բազմանդամ ընտանիքը գյուղատնտեսությամբ է ապրում։ Ասում է, որ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, մոտ 70 ոչխար․ - «Մտածում եմ՝ փախնելուց ո՞նց էսքանը տանեմ։ Բայց չեմ փախնելու։ Սուտ ա, մեկ ա, էտի չի ըլնելու»։

Նրա՝ տնտեսությունն ավելի ընդլայնելու ծրագրերը պատերազմից հետո հիմա անորոշ են։ Նրա խոսքով, Արցախի ճանապարհը փակվեց, առևտուրը կանգնեց։ Գյուղի կարտոֆիլն ու կաղամբը արցախցիների բերած բերքի հետ էին փոխանակում, դրանով ապրում։ Այս տարվա բերքն էլ պատերազմի պատճառով Արցախ չի հասել։

Սահմանին շատ մոտ են արոտավայրերը, խոտհարքը։ Ասում է՝ գարնանը կերևա՝ գյուղում ապրելը վտանգավո՞ր է, թե» անվտանգ։ Տան կանայք են հատկապես անհանգիստ։ Երեք որդի ունի, հարսներ, թոռներ։ Որդին էլ պատերազմում վիրավորվել է, դեռ հիվանդանոցում է։ Ինչ էլ որ լինի, ասում է՝ մեր ստեղծածն է, պետք է տեր կանգնենք․ - «Գարունը նոր կզգանք ոնց ա, ոնց չի։ Իմ խոտհարքը անձամբ հենց իրանց մոտն ա, որ պոստը դրած ա։ Հիմա գարունը կզգացվի կամ լավը, կամ վատը»։

Կնոջ՝ Անահիտ Սարգսյանի հետ 30 տարի առաջ է Ուկրաինայից տեղափոխվել այստեղ։ Երկու տուն են կառուցել։ Գուցե կյանքն ավելի դժվարանա, բայց հեշտ չէ այդ ամենը թողնել գնալ, ասում է տիկին Անահիտը․ - «Բնական ա, որ կյանքն առաջվա նման չի ընթանա։ Ուղղակի վախենում ենք, ամեն վայրկյան, որպես սահմանակից գյուղ, հատկապես մենք էլ ավելի մոտիկ ենք։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա ա թուրքը։ Բայց դե ինչ արած, ուրիշ գնալու տեղ չկա, մեր հողն ու ջուրն ա, պետք ա պահենք։ 14 շունչ, որտե՞ղ պետք ա գնանք։ Արդեն 30 տարի ստեղ ենք»։

Սոթքը Գեղամասար համայնքի 18 գյուղերից մեկն է։ Շուրջ հազար բնաչկություն ունի։ Այստեղ է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը, որը շահագործում է ռուսաստանյան «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Քարվաճառը Ադրբեջանին զիջելուց հետո հանքավայրի մի մասն էլ է մնացել Ադրբեջանի տարածքում։ Սոթքի բնակիչներից շատերը հանքավայրում են աշխատում։

XS
SM
MD
LG