Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը խստիվ դատապարտելի է համարում սոցցանցերում վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն «անվերապահորեն ու խստիվ դատապարտելի» է համարուն վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:

Ֆեյսբուքյան իր էջում Բեգլարյանը գրել է՝ թեև տհաճորեն է անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված է՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:

Պաշտպանն ընդգծել է, որ ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում, «հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը»:

«Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը», - գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ շարունակելով․ - «Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին»:

Պաշտպանը կոչ է արել «չտրվել «կարծրատիպերը չարաշահող մանիպուլացիաներին և ջուր չլցնել սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին»:

«Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը: Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը», - գրել է Արտակ Բեգլարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG