Մատչելիության հղումներ

Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից


Ալավերդիից անցած ամառ բանակ զորակոչված 18-ամյա Արայիկ Գալստյանի ընտանիքը զինվորից մեկուկես ամիս լուր չուներ և միայն երկու օր առաջ համացանցում տարածված տեսանյութից են տեղեկացել, որ տղան ադրբեջանական գերության մեջ է։

Հայ ռազմագերին համացանցում տարածված մի քանի տեսանյութում է երևում։ Դրանցից մեկում ադրբեջանցի զինվորականը հարցնում է նրա անունը ու հետո ստիպում ադրբեջաներեն արտահայտություններ կրկնել։

«Իրան մի քիչ չաղ մարդ խոսացնում ա, ասում ա՝ անունդ ինչ ա, ասում ա՝ Արայիկ: Իրան հետո խոսացնում են, բաներ են ասել տալիս, իմ տղեն ա», - ասաց զինվորի մայրը:

Ռազմագերու մայրը՝ Անիչկա Միկոյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է խոսել։ «Ես գիտեի, որ Ջաբրայիլում պատերազմ ա տեղի ունեցել, ինձ հետ խոսաց, ասաց՝ մամ ջան, ես ուրիշ տեղ եմ: Խոսաց ինձ հետ, թոռս ինձ հետ ա, խնամակալ են ես թոռանս, հետը խոսաց», - նշեց Միկոյանը:

Մայրն ասում է՝ որդուն օր առաջ տանը տեսնելու հույսով է ապրում։ Արայիկ Գալստյանը զորակոչվել էր Ջաբրայիլ, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից։

«Ամեն ինչի դիմել ենք, տարբեր տեղեր ենք դիմել, Կարմիր խաչից, նախարարությունից սկսած, մեր վայենկոմատից սկսած, որպեսզի երեխային հետ բերեն», - ասաց Գալստյանի մայրը:

Բացի այս տեսագրությունից, համացանցում կա ևս մեկը, որում Արայիկ Գալստյանից բացի, ևս երկու հայ ռազմագերիներ են՝ Էրիկ Մխիթարյանը և Ռոբերտ Վարդանյանը։ Այս տեսանյութում էլ ադրբեջանցիները հայ ռազմագերիներին պարտադրում են համբուրել Ադրբեջանի դրոշը։ Երեկ համացանցում տարածված մյուս տեսանյութում էլ փորի վրա պառկած տղան Էրիկ Մխիթարյանն է, «Ազատությանը» փոխանցեց հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Ռազմագերիների փոխանակման հարցերով զբաղվող Կարմիր խաչի գրասենյակից հայտնում են, որ դեռևս որևէ ռազմագերի չի վերադարձվել։ Այդուհանդերձ, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ իրենք ամենօրյա ռեժիմով այցելում են երկու կողմերում պահվող ռազմագերիներին, ծանոթանում նրանց պահման պայմաններին և այդ մասին տեղեկատվություն են տրամադրում նրանց ընտանիքներին և կառավարության ներկայացուցիչներին։

«Իշխանություններն են տեղեկացնում, որ այսինչ անձը տեսակցվել է մեր կողմից: Մեր տեսակցության նպատակն, իհարկե, առաջին հերթին իր պահման պայմանները ստուգելն է, օգնել իրեն կապ հաստատել իր հարազատների հետ՝ նամակագրության տեսքով, և իրենց առողջական վիճակը ստուգելն է: Իրենց վիճակի մասին, իրենց բոլոր հարցերը կապված պահման պայմանների մասին մենք ուղղում ենք միայն պահող իշխանություններին, մենք չենք մեկնաբանում իրենց հետ կապված որևէ տեղեկություն հանրայնորեն, սա մեր աշխատանքի ձևաչափն է: Սա թույլ է տալիս բոլոր հարցերով մեզ աշխատել անմիջապես նրանց հետ, ովքեր պատասխանատու են նրանց համար մինչև նրանք վերադարձված չեն», - նշեց Ամատունին:

Դեռևս պաշտոնական հրապարակում չկա կողմերի տարածքներում գտնվող ռազմագերիների թվի մասին։ Կարմիր խաչն էլ չի հրապարակում, թե Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում քանի ռազմագերու է տեսակցել։ Մինչ այդ հայկական կողմը պարբերաբար ահազանգում է, որ Ադրբեջանի տարածքում պահվող ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվում։

Հայաստանի իրավապահները բավարար օբյեկտիվ ապացույցներ ունեն կազմակերպված հանցագործության մասին, այսօր հաղորդեց Հայաստանի գլխավոր դատախազությունը, մի քանի օրինակ բերելով: «Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին, կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը», - թվարկում է դատախազությունը՝ հավելելով, որ այս տվյալները կփոխանցի միջազգային գործընկերներին՝ քրեական հետապնդումներ ապահովելու, տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար։

XS
SM
MD
LG