Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին:
Ըստ Դատախազության հանրային կապերի բաժնի, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում նաև բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների ծավալներից, ՊԲ ունեցած զինծառայողների մարդկային կորուստներից, դիերի փոխանակման և անհետ կորած համարվողների փնտրման աշխատանքներից:
Վահե Հարությունյանը հանդիպել և զրույցել է նաև նշված պաշտպանական ուղղությամբ առ այսօր մարտական հերթապահության մեջ գտնվող կամավորականների հետ, հետաքրքրվել նրանց կենսապայմաններից, առողջական, բարոյահոգեբանական վիճակից:
Զինվորական դատախազն այցելել է նաև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ ԱՀ ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի և զինհոսպիտալի պետ, փոխգնդապետ Զորիկ Սահակյանի հետ քննարկել է պատերազմի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բուժման և կազդուրման ընթացքը, բուժսպասարկման ընդհանուր պայմաններն ու վիճակը, զինծառայողների առողջապահական իրավունքների ապահովման կարիքները:
Վահե Հարությունյանը շրջել է զինհոսպիտալում, հանդիպել բուժում ստացող զինվորներին, քաջալերել նրանց՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։