Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն պատրաստվում է «մի քանի անգամ ավելացնել իր ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրեր

«Կարմիր Խաչը պատրաստվում է մի քանի անգամ ավելացնել իր ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, և հավելյալ 400-500 աշխատակից գործուղել տարածաշրջան», - ռուսական РБК-ին ասել է միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերը։

«Առաքելության ամենահրատապ խնդիրներից մեկը լինելու է դիակների հայտնաբերումն ու փոխանակումը», - ասել է մարդասիրական կազմակերպության ղեկավարը՝ ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է տեղում այս պահին․ - «Երկու կողմն էլ արդեն որոշ աճյուններ են հայտնաբերել, ուղարկել դիահերձման ու նույնականացման, որպեսզի պարզեն իրե՞նց զինվորն է, թե՞ հակառակորդի։ Սակայն առայժմ կողմերից յուրաքանչյուրը այս ուղղությամբ աշխատանքներ է տանում միայն այն տարածքներում, որոնք գտնվում են սեփական վերահսկողության ներքո, և որտեղ հեշտ է հայտնաբերել։ Առավել բարդ է աշխատանք ծավալել բուն շփման գծի երկայնքով, որտեղ մարտական գործողություններ են ընթացել, և մինչև հիմա էլ ականներ կան։ Մեր կազմակերպության աշխատակիցները հենց այս հարցում կարող են օգտակար լինել»։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հանդես է գալիս որպես փորձագետ, քանի որ մենք այդ խնդիրներով զբաղվում ենք արդեն մի քանի տասնամյակ։ Մենք ունենք մշակված ընթացակարգեր և արդյունավետ փորձառություն՝ այդ աշպատանքը առավելագույն արժանապատվությամբ իրականացնելու, դիակները նույնականացնելու և հարազատներին հանձնելու համար», - ասել է մարդասիրական կազմակերպության ղեկավարը։

Մաուրերը զգուշացրել է, որ ժամանակի հավելյալ կորուստը կարող է աղետալի ու անդառնալի հետևանքներ ունենալ։

«Կարող է հողը վարակվել, նույնականացումը կարող է բարդանալ, եթե մինչև ձմռան սկիզբը աճյունները չգտնվեն, քանի որ հավանականություն կա, որ ձմռանը կարող է քայքայման փուլը սկսվել», - ասել է Կարմիր Խաչի նախագահը՝ փաստելով․ - «Ցավոք, կողմերն արդեն մեկ անգամ բախվել են այդ խնդրին՝ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ նախորդ պատերազմը ավաչտվել էր 28 տարի առաջ, սակայն մեր ցուցակներում մինչև հիմա ավելի քան 4,5 հազար անհետ կորածի անուն կա»։

«Հիմա ձեր գործունեությունը ծավալելու համար դուք պետք է ինչ-որ համաձայնագրե՞ր ստորագրեք, ասենք, ռուս խաղաղապահների հետ», - հարցրել է РБК-ի թղթակիցը։ «Երբ ես խոսում եմ արարողակարգերի մասին, դա ոչ բոլոր դեպքերում է ենթադրում կոնկրետ փաստաթղթեր․ դա ըմբռնումն է, թե ինչպես ենք մենք աշխատելու այս կամ այն խնդիրը լուծելու ուղղությամբ, ով է լինելու գլխավորը, և ում պետք է դիմենք, եթե որևէ հարց ծագի։ Այս փոխըմբռնումները և պայմանավորվածությունները կարող են նաև բանավոր լինել», - ասել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավարը՝ նշելով, որ այս հարցում իրենց փոխհամաձայնության են եկել ռուսական կողմի հետ։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Մաուրերը մեկնել էր Մոսկվա և Ռուսաստանի իշխանությունների՝ արտգործնախարարի ու պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրականացնելիք ծրագրերն ու աշխատանքի համակարգման հարցերը։

Երեկ էլ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուժարիկը հայտարարեց, որ կազմակերպության մարդասիրական հարցերով կառույցները պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ՝ գնահատելու Ղարաբաղում ի հայտ եկած մարդասիրական խնդիրները․ - «Ի պատասխան Ռուսաստան Դաշնության դիմումի, որտեղ նշված են մարդասիրական հարցերով ռուսական միջգերատեսչական կենտրոնի դերն ու գործառույթները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Մարդասիրական հարցերով համակարգման վարչությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի մյուս կառույցները պատրաստ են համագործակցել և քննարկել տեղում Ռուսաստանի հետ համատեղ աշխատելու հնարավորությունները՝ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում ստեղծված իրավիճակին անկախ գնահատական տալու և տարածաշրջանի հումանիտար կարիքներն ամբողջովին պատկերացնելու համար»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը փաստել էր, որ կառույցը պատրաստ է գործի անցնել «հենց որ ստեղծվեն աշխատանքի համար հնարավոր պայմաններ»։

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ հենց ՄԱԿ-ին է վերապահված Ղարաբաղ և շրջակա տարածքներ փախստականների վերադարձը վերահսկելու իրավունքը։ Փաստաթղթում որևէ բառ չի ասվում, թե երբ է սկսվելու այս գործընթացը, ինչպես է իրականացվելու, և ովքեր են վերադառնալու։

Որոշ տվյալներ օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հաղորդեց նախագահ Պուտինի հետ խորհդակցության ընթացքում․ - «Փախստականների հարցերով հանձնակատարի մասով կարևոր է արժանահավատ վիճակագրություն կազմել, թե քանի մարդ այսօր օգնության կարիք ունի։ Նախնական տվյալներով, խոսքը մոտավորապես 90 հազար մարդու մասին է, որ Ղարաբաղից Հայաստան են գնացել, և մոտ 45 հազար ադրբեջանցիների մասին, որոնք ռազմական գործողությունների ֆոնին հեռացել էին Ղարաբաղի հարակից շրջաններից։ Իհարկե, ՄԱԿ-ի կառույցում շահագրգռված են իրենց առաքելությունը սկսելու համար ստանալ բոլոր կողմերի աջակցությունը, որպեսզի կարողանան օգնել այն մարդկանց վերադարձին, որոնք ստիպված են եղել լքել սեփական բնակավայրը, և դա անել առանց բռնի տեղահանումների, ինչը կարող էր լինել, օրինակ Շուշիում, որը ընդհանուր առմամբ այնքան էլ շատ չի տուժել, և ուր հիմա Ադրբեջանից շատ ցանկացողներ են վերադառնում։ Մեր խաղաղապահներն ակտիվորեն նպաստում են այդ գործընթացներին»։

Այսօր էլ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, թե անցած շաբաթ օրը, երբ Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել էր Բաքու, Ադրբեջանի կառավարությունը հայտնել է, թե ուզում է ակտիվորեն մասնակցել ու նպաստել Ղարաբաղի մարդասիրական հարցերի կարգավորմամբ զբաղվող ռուսական միջգերատեսչական կենտրոնի աշխատանքներին։

«Այժմ մենք դիտարկում ենք ադրբեջանական կողմի համապատասխան առաջարկները», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչին և ինչպես է ուզում մասնակցել Բաքուն։

XS
SM
MD
LG