Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը լայնորեն անդրադառնում է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին


Generic – Newspapers

NYT. Հիմա Ամերիկայի միջամտությունը՝առավել քան կարևոր է

«Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարը լռեցրել է արկերի ձայներն ու իջեցրել անօդաչուներին, բայց հայերի ու ադրբեջանցիների միջև խորը արմատներ ունեցող թշնամությունը Ղարաբաղի պատկանելիության շուրջ ամենևին էլ հանգուցալուծվել», - գրում է «Նյու Յորք թայմսի» խմբագրականը՝ արձանագրելով․ - «Հայերի այրվող ու ծխացող տները վկայում են, որ տարաձայնությունները նորից են բռնկվելու։

«Հիմա, երբ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի նոր դասավորվածություն է հաստատվել, ղարաբաղյան խնդրի վերջնական ու բանակցված կարգավորումը դարձել է առավել քան հրատապ, Ամերիկայի մասնակցությունը դրան՝ առավել քան կարևոր», - պնդում է «Նյու Յորք թայմսը»՝ մանրամասնելով․ - «Սա այն տարածաշրջանը չէ, որը Նահանգները կարող է թողնել Պուտինի կամ Էրդողանի խաղերին»։

Փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման մանդատը դեռ մնում է Մինսկի խմբի ձեռքում՝ հեղինակավոր պարբերականի խմբագրական խորհուրդը կոչ է անում Վաշինգտոնին առավել ակտիվ լինել և այս անգամ «գործի անցնել՝ չսպասելով մինչև բռնությունների հաջորդ փուլը սկսվի»։

Արևմուտքը պետք է հետևի խաղաղապահների տեղակայմանը

«Հարավային կովկասն Արևմուտքի աջակցության կարիքն ունի», - գրել է Եվրոպայում ամերիկյան զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը EU Observer-ում` արձանագրելով․ - «Մոսկվան այսօր փաստացի սեփական զորքն ունի տարածաշրջանի բոլոր երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում, հիմա էլ՝ Ադրբեջանում»։

«Մենք նախաձեռնությունը զիջեցինք Կրեմլին, և այսօր հայտնվել ենք լուսանցքում, դիտորդի դերում», - փաստում է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը՝ հոդորելով Նահանգներին ու Եվրոպային ետ վեցնել առաջնորդությունը՝ ակտիվորեն ներգրավվելով Անդրկովկասի զարգացման, անվտանգության ու կայունության հարցերում։

«Ղարաբաղը, որ միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, Եվրոպան և Եվրասիան կապող միակ ցամաքային միջանցնք է, որը չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով, և որպես այդպիսին՝ առանցքային նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների զարգացման տեսանկյունից։ Արևմուտքն այլևս չպետք է դանդաղկոտություն ցուցաբերի», - ընդգծում է Եվրոպայում ամերիկյան զինուժի նախկին հրամանատարը՝ հավելելով, թե Ամերիկան ու Եվրոպան այժմ պետք է ակտիվ լինեն տնտեսական, դիվանագիտական, ռազմական ու տեղեկատվական հարթակներում, ինչպես նաև ուշադրությամբ վերահսկեն ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում։

WP. Պուտինը հասավ իր նպատակին

«Դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, սակայն փաստ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունը Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր, որը թույլ է տալիս նրան հեգեմոն դեր ստանձնել տարածաշրջանում, մի բան, որի մասին Պուտինն ու նրա շրջապատը երազում էին քսան տարի», - Washington Post-ին ասել է նախագահ Օբամայի օրոք Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, այժմ Ստենֆորդի համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մայքլ ՄըքՖաուլը։

«Ինձ ապշեցնում էր այլ բան․ Մինսկի խմբի, և առաջին հերթին ու բոլորից առավել՝ Միացյալ Նահանգների լիակատար բացակայությունը», - ասել է դիվանագետը՝ հավելելով․ - «Այո, մենք՝ ամերիկացիներս, շատ լծակներ չունենք Կենտրոնական Ասիայում, Կովկասում կամ Բելառուսում, սակայն ունեցածն էլ արդյունավետ չենք կիրառել Թրամփի վարչակազմի օրոք»։

«Կոմերսանտ»․ Վաշինգտոնն ու Փարիզը չեն հրաժարվել խաղաղապահ առաքելությունը վերանայելու մտքից

Ռուսական «Կոմերսանտը», վերլուծելով Մինսկի խմբում ստեղծված իրավիճակը, փաստում է՝ եռանախագահների հարաբերություններն այնքան էլ հաշտ չեն հիմա․ Վաշինգտոնն ու Փարիզը դժգոհ են, որ Մոսկվան գործարքը կնքել է՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ինչին ի պատասխան Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե նոյոեմբերի 9-ի հայտարարությունը համապատասպանում է խաղաղության այն ծրագրին, որի վրա աշխատում էր միջնորդական խումբը տարիներ շարունակ։

«Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է, բացառությամբ երկու կետի․ նախ՝ Մինսկի խմբի ծրագրերում չկար Թուրքիայի ներգրավումը կարգավորման գործընթացում, մինչդեռ հիմա Անկարան իրավունք է ստանձնել հետևել հրադադարին Ադրբեջանի տարածքից։ Եվ երկրորդ, Մինսկի խմբում, խոսելով խաղաղապահների մասին, ամենայն հավանականությամբ ենթադրում էին բազմազգ առաքելության, օրինակ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Այդ գաղափարից Միացյալ Նահագներն ու Ֆրանսիան հիմա էլ չեն հրաժարվել», -պնդում է ռուսական պարբերականը՝ մեջբերելով արտգործախարար Սերգել Լավրովի խոսքերը, թե «Ռուսաստանում նկատում են խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու և եռակողմ բանակցությունները սառեցնելու փորձեր»։

«Անցած շաբաթ օրը, այցելելով Երևան ու Բաքու, Լավրովը վստահորեն հայտարարեց, որ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվելու», - արձանագրում է ռուսական պարբերականը։

«Ջավան»․ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդին խաղա Կովկասում

«Կարելի է միայն նախանձել այն ճարպկությանն ու արագությանը, որով Ռուսաստանը միջամտեց ղարաբաղյան խնդրին», - իր հերթին փաստումէ իրանական «Ջավան» պարբերականը։

«Չմիջամտելով բուն ռազմական գործողություններին և չեզոք դիրք ստանձնելով՝ Մոսկվան, այդուամենայնիվ, հարկադրեց հակամարտող կողմերին ընդունել խաղի՝ իրեն ձեռնտու կանոնները և այդ ողջ ընթացքում կառավարեց իրադարձությունները՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ամերիկան ներքաշված է նախագահական պայրարի մեջ և արտաքին քաղաքականության համար ժամանակ չունի։

Վերլուծելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը՝ իրանական պարբերականն առանձնացնում է ռուսական դիվանագիտության մեկ այլ ուղղություն՝ մերձեցումը Անկարայի հետ․ - «Հույս ունենալով Թուրքիային ներքաշել սեփական քաղաքականության ուղեծիր և կտրել ՆԱՏՕ-ից՝ Մոսկվան վերջինիս գործունեության շատ լայն դաշտ ընձեռեց Կովկասում ու Միջինասիայում, ինչին էլ հենց ձգտում էր Թուրքիայի՝ նեոօսմանիզմի ու պանթյուրքիզմի գաղափարներով առաջնորդվող վարչակազմը»։

Խորհուրդ տալով Կրեմլին չվստահել Անկարային՝ իրանական պարբերականը զգուշացնում է․ - «Թուրքիայի համար հարևանների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի հետ բնականոն ու կայուն հարաբերությունները ընդամենը մանրադրամ է, որը Անկարան մշտապես առուվաճառքի առարկա է դարձնելու արևմուտքի հետ բանակցություններում»։

Ի՞նչ նպատակով էր ռուսական դեսանտը մեկնել Երևան ու Բաքու

Ռուսաստանյան Ежедневный журнал-ը անդրադառնում է ռուս բարձաստիճան պաշտոնյաների՝ Երևան, ապա Բաքու կատարած շաբաթօրյա այցին՝ դրանք բնորոշելով որպես Մոսկվայի կողմից իջեցված կառավարական դեսանտ։

«Ենթադրենք մեր Առողջապահության նախարարը մեկնել էր՝ հայ գործընկերների հետ կիսելու իր փորձը համաճարակի դեմ պայքարում, իսկ ո՞ր փորձի փոխանակման նպատակով էր մեկնել Ռոսկոմնադզորի ղեկավարը՝ ինչպես արդյունավետ կասեցնել Telegram-ի գործունեությունը կամ փակել ընդդիմադիր աղբյուրնե՞րը», - հարց է բարձրացնում հոդվածագիրը՝ հավելելով․ - «Այնպիսի տպավորություն է, ասես պատվիրակության բոլոր անդամները՝ արտգործնախարարից ու պաշտպանության նախարարից բացի, ինքնաթիռում էին հայտնվել տպավորություն ստեղծելու, և միջոցառմանը առավել ծանր կշիռ Հաղորդելու համար»։

Մեջբերելելով հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները՝ ընդդիմադիր հայացքներով հայտնի ինտերնետային պարբերականը փաստում է․ - «Շոյգուն Փաշինյանի հետ հանդիպմանը պատմում էր, թե ինչպես է անցնում խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում, կարծես թե Փաշինյանը չգիտի, թե ինչ իրավիճակ է անմիջականորեն իր սահմանների մոտ, և կարծես թե այդ խաղաղապահ զորքերը Հայաստանի տարածքով չեն Ղարաբաղ հասել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG