Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Հարությունյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը:

Նախագահն ընդգծել է, որ հրթիռակոծության հետևանքով ավերածությունների ենթարկված բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին:

Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և Հայաստանում ժամանակավոր ապաստանած բնակիչների սոցիալական խնդիրներով:

Քննարկվել են նաև տարեսկզբից դպրոցական և նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաև աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG