Մատչելիության հղումներ

Այսօր Աղդամի շրջանը հանձնվեց Ադրբեջանին


Աղդամի շրջանի գյուղերից տարհանվածները Մարտակերտի դպրոցու
Աղդամի շրջանի գյուղերից տարհանվածները Մարտակերտի դպրոցու

Այսօր Աղդամի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, և ադրբեջանական սակրավորներն արդեն սկսել են մաքրել տարածքն իրենց զորքի համար։

Աղդամի շրջանում կային յոթ հայկական գյուղեր, որոնց բնակիչները նախորդ երկու օրերին տեղափոխվել են Մարտակերտ, հարակից բնակավայրեր։ Ովքեր կարողացել են, բերել են իրենց իրերը, շատերը չեն կարողացել բերել։

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իշխանությունները աստիճանաբար լուծելու են Մարտակերտից հարավ ընկած և այսօրվանից Ադրբեջանի տիրապետությանն անցած յոթ գյուղերից գաղթածների բնակարանների խնդիրները․ - «Հիմնականում բարեկամների տներում են տեղավորվել և հարակից գյուղերում։ Մարտակերտում և հարակից գյուղերում անմարդաբնակ տներ կան, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Պիտի ընթացքում վերանորոգենք և էդ մարդկանց տեղավորենք։ Ե՛վ կառավարությունը, և՛ բանակը, և՛ Հայաստանից ենք մեր գործընկերներին խնդրել, բեռնատարներ են ուղարկել, կազմակերպել ենք էդ բեռնատարներով և մարդատար մեքենաներով էդ մարդկանց տարհանումը»։

Ըստ Բախշանի, մինչև պատերազմը Մարտակերտի շրջանի բնակչության թիվը մոտ 22 հազար էր, այժմ այդ թվի մեկ հինգերորդն է։ Թեև, ինչպես հավելեց շրջանի ղեկավարը, մարդիկ վերադառնում են։

Մարտակերտի թիվ 1 դպրոցը, որը պատերազմից առաջ կանգնել էր վերանորոգման, տուժել է նաև այս ռազմական գործողությունների ընթացքում` կոտրված ապակիներ, պատերին բեկորների հետքեր։ Դասասենյակներից մեկում հանգրվանել են Նոր Մարաղայից երեկ գաղթած մի քանի ընտանիքներ` հավաքված վառարանի շուրջը։

Նրանցից մի կին ասաց, որ Հովտաշեն գյուղից է, որդին ռազմաճակատում է եղել, մինչև հիմա որևէ լուր չունի․ - «Ժամանակավոր մնանք, տեսնենք ինչով կարան ապահովեն․․․ Լավ բան չտեսանք, տներներս լիքը քանդվավ, էկանք նստանք»։

Մեկ այլ կին պատմեց․ - «Յոթ էրեխուս թողել եմ Հայաստան, էկել եմ, որ տան վեշերը հանեմ, տեղավորեմ, նոր էրեխեքին բերեմ․․․ Բանակն ա մեքենաներ տրամադրել, ես հանեմ եմ իմ վեշս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG