Փաշինյանի հրաժարականն անորոշ ժամանակով հետաձգվում է
Коммерсантъ-ը գրում է, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը դեռ մեկ շաբաթ առաջ անխուսափելի էր թվում՝ անորոշ ժամանակով հետաձգվում է:
Հիմա նա դիտվում է որպես կայունացնող գործոն: Փաշինյանը հանդիպել է հրապարակում հավաքված աջակիցներին հետ և հավաստիացրել է, թե չի դավաճանել ժողովրդին ու ասել է, որ անհրաժեշտության դեպքում աջակիցներին կկանչի հրապարակ:
Խորհրդարանում մանդատների երկու-երրորդը հսկող «Իմ քայլը» նկատել է տալիս, որ չի ցանկանում փոխել վարչապետին նույնիսկ այդ խմբակցությունից մեկ ուրիշով:
«Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց Նիկոլ Փաշինյանի գործոնը ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»,- ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Коммерсантъ-ի փոխանցմամբ, ընդդիմությունը մերժում է այդ փաստարկները: «Հայրենիք» կուսակցության լիդեր, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե «կապիտուլյացիան ստորագրած մարդը չունի ժողովրդի և երկրի ղեկավար լինելու բարոյական իրավունք»:
Կանխել Ղարաբաղում հայոց ժառանգության կործանման վտանգը
Մի շարք պարբերականներ անդրադառնում են Լեռնային Ղարաբաղում հայոց կրոնական և մշակութային ժառանգության, մասնավորապես, եկեղեցիների պաշտպանության հարցին:
«Взгляд» պարեբերականը գրում է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակապով քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել այդ հարստությունը պաշտպանելու համար:
«Ռազմական գործողությունների ավարտը պետք է ընձեռի Լեռնային Ղարաբաղի բնակիչների պաշտպանության, վերջին շաբաթների ընթացքում հեռացած տասնյակ հազարավոր մարդկանց անվտանգ վերադարձի հարցով բարեխիղճ բանակցությունների հնարավորություն»,- ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
Հեղինակավոր ռուսաստանցիների բաց նամակը
Ռուսաստանցի մի քանի տասնյակ անվանի արվեստագետներ, գիտնականներ, օրենսդիրներ, երաժիշտներ, գրողներ, հասարակական գործիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի մշակութային կոթողները պաշտպանելու խնդրանքով:
Նրանց բաց նանակը հրապարակել է «Новая Газета»-ն: «Մեզ մտահոգում է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության ճակատագիրը: Դրան կարող է սպառնալ այն նույն ողբերգությունը, որը նախկինում պատուհասել է Նախիջևանի, Կոսովոյի և սիրիական Պալմիրայի կոթողները»,- ասվում է ուղերձում:
«Ստորագրելով այս բաց նամակը՝ մենք հստակ գիտակցում էին, թե ինչի մասին է խոսքը»,- «Новая Газета»-ին ասել է դերասանուհի և հեռուստահաղորդավար Յանա Պոպլավսկայան:
Ռուսաստանն է հսկում տարածաշրջանի անցուդարձը
«Al Monitor» վերլուծական կայքը նշում է, որ նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած համաձայնությամբ Ռուսաստանի զինվորականներն 8-ը տարվա դադարից հետո վերադառնում են Ադրբեջան: 8 տարի առաջ են նրանք հեռացել Գաբալայի հենակետից, որտեղ գործել է ռադարային կայանը: Այդպիսով, Ռուսաստանն ապացուցել է, որ ինքն է վերահսկում տարածաշրջանի կարևոր զարգացումները:
Ադրբեջանը դեռ կուլ կտա դառը հաբը
New Eastern Europe հանդեսի փոխանցմամբ, միայն խաղաղապահների տեղակայումը բավական չէ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար: Համաձայնությունը ձեռք էթ բերվում և Հայաստանի, և Ադրբեջանի ինքնիշխանության հաշվին:
Չնայած այսօրվա՝ առաջին հայացքից բարենպաստ պայմաններին, Ադրբեջանը միևույն է ստիպված կլինի կուլ տալ դառը հաբը:
Կավարտվեն հաղթանակի տոնակատարություններըի, և վաղ թե ուշ հանրությունը կսկսի դատապարտել Իլհամ Ալիևին, ասելով, թե նա է արտոնել ռուս խաղաղապահների մուտքը և ձեռքից բաց է թողել Ղարաբաղն ամբողջությամբ ու անդառնալիորեն վերջնականապես գրավելու շանսը:
Ռուս զինվորի ներկայությունը խստորեն սահմանափակում է տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի կարողություններն ու ազատ գործելու հնարավորությունը:
Ադրբեջանը մարտի դաշտում վրեժ է լուծել, բայց ռազմական գլխավոր նպատակին այդպես էլ չի հասել:
New Eastern Europe-ը մի տխուր փաստ է արձանագրում՝ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում երկու կողմից զոհված զինվորների մեծ մասը շատ ավելի երիտասարդ էր, քան մոտ երեք տասնամյակ տևող կոնֆլիկտը: