Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյանը Փաշինյանին մեղադրում է պատերազմում պարտության մեջ. Կառավարությունը մտացածին է որակում մեղադրանքը


2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված և գլխավոր ռազմական տեսուչ նշանակված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը օրերս հեռացել է նաև վերջին պաշտոնից, ինչից հետո այսօր ասուլիսին ներկայացրել է իր տեսակետը, թե ինչու հայկական ուժերը պարտություն կրեցին Արցախում. չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, Հակոբյանի խոսքով, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ` անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։

«Կա զորահամալրում, որը որոշակի ժամանակ է պահանջում, գումարտակները մինչև 5 օր ժամանակ է պետք, որպեսզի իրենք սովորեն, պատերազմին ներդաշնակվեն, այդ ժամանակը դրա համար է տված` որոշակի զինվորական գործին իրենց հիշեցնելու, մարզելու համար, և մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտապանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը: Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետության լրահամալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով», - ասաց նա:

Մովսես Հակոբյանի պնդմամբ` վարչապետ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է բանակի լրահամալրման, Հակոբյանի խոսքով, շատ բարդ գործընթացը և մարտադաշտ ուղարկել կամավորներին. «Չեն կարա հերքեն, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, բոլորը գիտեին, որ գալու է ժամանակ, և սրա համար պատասխան պիտի տան, այդ գործառույթը չիրականացնելու համար, այստեղ ազնիվ պիտի լինենք, ու այն, որ եթե քաղաքական իշխանությանը մեղադրում ենք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ, և սխալների մի մասը օբյեկտիվ է, մի մասը` սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պետք է իրականացվեր լրահամալրում, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման, և անօդաչու թռչող սարքերը չեն թույլատրել այդ անձնակազմի ընդունման կետերն ամբողջությամբ բացազատվել և լիարժեք կատարել»:

Արցախ կամավոր մեկնած զինվորները, Հակոբյանի խոսքով, փայլուն մարտական ոգի ունեին, սակայն խնդիրներ են ստեղծել մարտադաշտում։ Նախկին գլխավոր շտաբի պետի խոսքով` պատերազմի 5-րդ օրը Արցախում առաջնագծերից փախած արդեն 1500 մարդ է եղել: Մեր հարցին, թե արդյոք նրանք բոլորը կամավորնե՞ր էին, թե՞ կանոնավոր բանակի ներկայացուցիչներ, Հակոբյանը չպատասխանեց. «5-րդ օրն Արցախում արդեն 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն: Եվ այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի դրանց պահեն, դրանք կերակրվել են բանակի զինվորների սնունդով, տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են նրանց հետ տարել, որպեսզի մի մասին հետ վերադաձնենք բանակի շարքեր»:

Հայաստանի բոլոր անհաջողությունները սկսվել են զինված ուժերի՝ պատերազմին պատրաստվելու քայլերից, ասում է Հակոբյանը՝ շղթայում եղած սխալների թվարկումը սկսելով 2018-ին իրեն գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելուց. «Ինձ ազատել են պաշտոնից, նշանակել այլ պաշտոնի, նոր գլխավոր շտաբի պետի հետ ինձ հետ կքննարկի և կնշանակի, բայց այդպիսի զրույց մեր մեջ չի եղել: Երբ որ իմացա` ով է նշանակել, այսպիսի արտահայտություն եմ արել, որ ինքը չի կարա հերքի. «Դուք նշանակել եք զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ամենից անպատրաստ գեներալին»:

Խոսքն Արտակ Դավթյանի մասին է, որ գլխավոր շտաբը ղեկավարել է 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիս։ Ըստ Հակոբյանի` նա այդ ընթացքում փոփոխությունների է ենթարկել իր օրոք մշակված զինված ուժերի բարեփոխումների ու սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանները, ավելացրել են օպերատիվ օղակը, կրճատել իսկական կռվողներին. «Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության անձանակազմի թվաքանակը ավելացրել է 95 տոկոսով, համարյա կրկնապատկվել է»:

Սխալ է եղել նաև Սու-30-ների ձեռքբերումը, որի զինամթերքը ըստ Հակոբյանի` ավելի ուշ չի վաճառվել Հայաստանին։

Մենք դիմել ենք Պաշտպանության նախարարություն` այս և մյուս հարցերում պարզաբանումներ ստանալու համար: Նրանք խոստացել են գրավոր անդրադառնալ Մովսես Հակոբյանի հայտարարություններին։

«Եվ չի կարա այսօրվա իշխանությունը հերքի, որ ինքը զենք է ձեռք բերել` չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը, որ զինամթերքի իրեր չեն վաճառելու», - ասաց Հակոբյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ վերջին 2.5 տարին զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշում վաղուց էր կայացրել, սակայն պատերազմի սկսվելուց հետո սպասել է՝ մինչև այն ավարտվի, ինչից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել. «Պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս էր հասցնելու զինված ուժերին, և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը, և չնայած այդ ընթացքում ես այդ որոշումը կայացրել եմ, բայց շարունակել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել բանակին իմ խորհուրդներով»:

Հակոբյանը նաև նշեց, որ վարչապետ Փաշինյանը պատերազմը սկսելուց հետո 3 օր շարունակ կապ չի հաստատել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահի հետ, ինչը նա անթույլատրելի համարեց։ Սակայն, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ և պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, և դրա հաջորդ օրերին տեղի են ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ, որոնք ներկայացվել են պաշտոնական լրահոսում: Գևորգյանի խոսքով. «Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքներն ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան: Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին, անհեթեթ, և ըստ պատեհության կանդրադառնա դրանց»:

Հայաստանի գլխավոր դատախազը Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` փաստերը ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու համար։

XS
SM
MD
LG