Մատչելիության հղումներ

Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղարի այցը հարևան Վրաստան


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի Վրաստան կատարած այցն ավարտվեց։ Նա հանդիպեց երկրի վարչապետին, նախագահին, արտգործնախարարին, վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Պետքարտուղարի հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ասել է. «Մենք զգում ենք` եկել է ժամանակը այս տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը մեծացնելու համար»։ Նա նշել է, որ Վրաստանի համար ամենակարևոր գրոծընկերությունը վրաց-ամերիկյան գործընկերությունն է, և շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին ու անձամբ պետքարտուղարին ռազմավարական գործընկերությանն աջակցելու համար։

Շոշափվել է նաև Վրաստանի համար ցավոտ հարցը` տարածքների կորուստը. 90-ականների սկզբին ռազմական բախումների հետևանքով Աբխազիան էր անջատվել Վրաստանից, 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազամի հետևանքով` Հարավային Օսիան։

Գախարիան ասել է, որ Վրաստանը գնահատում է ԱՄՆ-ի անփոփոխ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Դուք շատ լավ գիտեք` որքան կարևոր է այդ հարցը մեր երկրի համար, օկուպացված տարածքների համար։ Մենք գիտենք, որ մեր ռազմավարական գործընկերությունն առաջին հերթին հիմնված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը և իհարկե աշխարհաքաղաքական ընդհանուր շահերը։ Տարածաշրջանում շատ փոփոխական այս ժամանակներում մենք հասկանում ենք, որ այդ խնդիրները պետք է լուծել»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Հանդիպմանը քննարկվել են նաև պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր: Գախարիան հույս է հայտնել` այդ ուղղությամբ կամրապնդվի վրաց-ամերիկյան համագործակցությունը, և տարածաշրջանում կընդլայնվի ԱՄՆ-ի ներկայությունը։

Պետքարտուղարի այցի նախօրեին փորձագիտական մակարդակով, ինպես նաև նախկին նախագահ Սաակաշվիլին կարծիքներ էին հայտնել, որ Վրաստանն ԱՄՆ-ին կարող է առաջարկել իր տարածքում ռազմական ներկայություն ունենալ։

ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է, որ Ամերիկան հետագայում ևս ամեն ինչ կանի` Վրաստանում պաշտպանելու ժողովրդավարական գործընթացները, կաջակցի ինստիտուտների ամրապնդմանը, որոնք կարևոր են ազատ և արդարացի ընտրությունների համար։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման ջանքերին:

Անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարին: Գախարիան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության համար։ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Փոմփեոն ասել է, թե «ամբողջ աշխարհը, այդ թվում` Վրաստանը բախվել է Չինաստանից դուրս եկած վիրուսի խնդիրներին»։

Փոմփեոն Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներին չի հանդիպել: Ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնում լուռ ակցիա է անցկացրել` ուշադրություն հրավիրելով Վրաստանի ժողովրդավարության խնդիրների վրա։ Նրանք պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էր, որ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, օլիգարխը գողացել է ընտրությունները:

Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Յան Քելլին Թվիթերում գրել է, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները վիճարկում են, իսկ Փոմփեոն հանդիպում է միայն կառավարության հետ։ «Դա սխալ է»,- գրել է նախկին դեսպանը։

Նշենք, որ պետքարտուղարի Եվրոպայի և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը մնացել է Թբիլիսիում` ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով։ Իսկ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրությունը, որը երկու բարձրաստիճան դիվանագետների մամուլի ասուլիսի մասին է, Վրաստանի ընդդիմությանը կոչ է անում հրաժարվել խորհրդարանը բոյկոտելուց, մտնել խորհրդարան, էական փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, որպեսզի հաջորդ ընտրություններն ավելի լավ անցկացվեն։ «Տեսնել, թե ինչպես են նրանք նորից բոյկոտի կոչեր անում, դա ասես կրկին նույն ֆիլմն ես դիտում»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի իրավիճակին, նշվել է, որ Վրաստանը, ինչպես և ԱՄՆ-ն ողջունել են կրակի դադարեցումը Լեռնային Ղարաբաղում, բայց տագնապով են հետևում իրավիճակին։ «Մենք դիտարկում ենք օգտագործել ԵԱՀԿ գործընթացի ինստիտուտներն ու կառույցները»,- նշված է հաղորդագրությունում։

Թբիլիսյան իր հանդիպումների մասին Մայք Փոմփեոն Թվիթերում գրառումներ է արել` նշելով. «ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցությունն առաջնահերթ նշանակություն ունի, և մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը ռուսական օկուպացիայի հանդեպ մնում է անփոփոխ»։

XS
SM
MD
LG