Մատչելիության հղումներ

Փոմփեոյի Թբիլիսի կատարելիք այցի նախօրեին Պետդեպարտամենտը դատապարտել է 2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մի շարք երկրներով լայն շրջագայություն է սկսում։ Նա այցելելու է Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Սաուդյան Արաբիա։

Պետդեպարտամենտի բրիֆինգում ներկայացվել է Փոմփեոյի այցելությունների, նախատեսված հանդիպումների ծրագիրը։ Բացի Թուրքիայից, մնացած երկրներում նախատեսված են հանդիպումներ, բանակցություններ այդ երկրների ղեկավարների հետ։ Թուրքիայի կարճատև այցի ընթացքում Փոմփեոն Ստամբուլում հանդիպելու է միայն կրոնական առաջնորդների հետ։

Պետքարտուղարը Ստամբուլից Թբիլիսի է ժամանելու նոյեմբերի 17-ին։ Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպելու է Վրաստանի ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր առաջնորդի հետ։

Պետդեպարտամենտի ճեպազրույցում նշվել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հանձնառու է Վրաստանին օգնություն ցուցաբերելու գործում՝ Եվրաատլանտյան կապերը խորացնելու, ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացներն ամրապնդելու համար։

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իհարկե այցի հնարավորությունը կօգտագործվի ևս մեկ անգամ հաստատելու մեր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Մենք միանշանակ դատապարտում ենք Ռուսաստանի ներխուժումը Վրաստանի շրջաններ Աբխազիա և Հարավային Օսիա 2008 թվականին, որոնք մինչև հիմա օկուպացված են Ռուսաստանի կողմից», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG