Մատչելիության հղումներ

Պատերազմի հետևանքով տուժածներին սոցիալական տարատեսակ աջակցություն կտրամադրվի


Ստեփանակերտը պատերազմի օրերին` հրթիռակոծություններից հետո
Ստեփանակերտը պատերազմի օրերին` հրթիռակոծություններից հետո

Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին։ Արցախում մեկ տարով անվճար կլինեն կոմունալ և բջջային ծառայությունները, այն ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը 60 հազար դրամից քիչ է, ֆինանսական աջակցություն կտրամադրվի, անօթևան մնացածները միանվագ 300 հազար դրամ կստանան: Այս մասին հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի իշխանություններն էլ հայտնում են՝ միանվագ աջակցություն կտրամադրեն Հայաստանում գտնվող ու Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիներին։

«Քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ վերադարձել են Արցախ, նրանք ևս կարող են ստանալ այս աջակցությունից: Խոսքը մասնավորապես նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն` 68 հազար դրամ դրամական աջակցության մասին է, որը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին», - «Ազատությանը» հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ թոշակառու կամ նպաստառու քաղաքացիները կստանան այնքան աջակցություն, որ թոշակի կամ նպաստի հետ միասին գումարը կազմի 68 հազար դրամ. «Այս դրամական աջակցությունից կարող են ստանալ նաև երեխաները, եթե նրանց ծնողներից մեկն արդեն իսկ հանդիսանում է այս ծրագրի շահառու»:

Առաջիկա օրերին այս նախագիծը կառավարությունում քվեարկության է դրվելու։ Աջակցության տրամադրման կարգը հաստատելուց հետո նախատեսվում է, որ դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից սկսած, փոխանցումներն էլ, խոստանում են իշխանությունները, հնարավորինս շուտ կկատարվեն: «Նախատեսում ենք, որ հնարավորինս կարճ կտևի ժամանակը դիմումները ստանալու, դրանք մշակելու և դրանց հիման վրա վճարումները կատարելու այս ընթացքը նախատեսում ենք հնարավորինս սեղմ անել», - փոխանցեց Սոնա Մարտիրոսյանը:

Ծանր օրեր ապրող արցախցիներից շատերը բազմամարդ ընտանիքներով մեկ-երկու սենյականոց բնակարաններում են բնակվում։ Որպես բժիշկ պատերազմին մասնակցած Երջանիկ Սարգսյանը Բերձորից է, ասում է՝ իր ընտանիքը բարեկամների հաշվին է գոյատևում. «Այժմ 8 հոգով ենք մեկ տան, ընդամենը մեկ սենյականոց բնակարան է Արգավանդ համայնքի Արևաշատ գյուղում»:

Սարգսյանի խոսքով՝ միանվագ աջակցություններն իրենց որոշ չափով կօգնեն, բայց իրենց ոչ թե գումար է պետք, այլ աշխատանք, որ կարողանան արժանապատիվ կյանքով ապրել. «Էսօր չեմ սպասում` ինձ պետությունը 65 հազար գումար ողորմություն տա, որ դրանով ապրեմ: Ես իմ աշխատանքն ունենամ, ես ունեմ կին, կինս երեխայի է սպասում, հղի է, ես էսօր անգործ եմ, բայց անգործունակ չեմ: Տուն էլ չունենք էստեղ»:

Այժմ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Հադրութի շրջանի Տող գյուղից Անյան, որն իր ազգանունը չցանկացավ հայտնել, որոշել է Արցախ վերադառնալ. «Այ էս շորով եկել եմ, էս շորով էլ էգուց ուզում եմ գնամ էնտեղ, թեկուզ մի պալատկի տակ, տունս վառել են թուրքերն առաջին անգամ, իսկ հիմա` երկրորդ անգամ: Տողեցի եմ, Տողն ա մնացել թուրքերին»:

Չնայած ֆինանսական աջակցությունների մասին հայտարարություներին՝ կինն ընդգծում է՝ իրեն աջակցություն պետք չէ, Արցախն է կարևոր. «Եթե իմ Արցախից մնացել է մի թիզ, էտ թիզն ինձ համար ավելի թանկ է: Կգնամ Ստեփանակերտ, որտեղ ուզում եմ, թեկուզ մի պալատկի տամ ապրեմ, բայց ես պիտի էնտեղ իմ հայրենիքին պիտանի լինեմ»:

Ասում է՝ պետությունն իրենց կօգնի, բայց իրենք էլ պետք է ձեռքերը ծալած չնստեն. «Եթե ես չօգնեմ իմ գնալով այսօր Արցախ, հետո ուշ կլինի, Արցախը կհանձնվի, ես պիտի գնամ, պիտի գնամ, իմ կռվող տղաների կողքին կանգնեմ ու պաշտպանեմ իմ Արցախը»:

XS
SM
MD
LG