Մատչելիության հղումներ

Վրաստանի ազդեցիկ պաշտոնաթող գործիչները և վերլուծաբանները ԱՄՆ-ին կոչ են անում երկրում ռազմակայան հիմնել


Վրաստան - Ամերիկացի զինծառայողները Վազիանիի ռազմակայանում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ, արխիվ
Վրաստան - Ամերիկացի զինծառայողները Վազիանիի ռազմակայանում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ, արխիվ

Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության շեշտակի աճի ֆոնին Վրաստանի մի շարք ազդեցիկ պաշտոնաթող պետական գործիչներ, դիվանագետներ և նրանց միացած վերլուծաբաններ կոչ են անում Միացյալ Նահանգների իշխանություններին երկրի տարածքում ամերիկյան ռազմակայան հիմնել։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այսօր մեկնարկող այցից մի քանի ժամ առաջ վրացական փորձագիտական հանրության առաջատար ներկայացուցիչները բաց նամակով դիմում են ամերիկյան դիվանագիտության ղեկավարին` ընդգծելով. - «Ազատորեն գործելու հնարավորությունից խրախուսված՝ Ռուսաստանը զորքեր տեղակայեց Լեռնային Ղարաբաղում՝ ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Վերջին տարիներին Հարավային Կովկասն ու Սև ծովի ավազանը վերածվել են աշխարհքաղաքական անկայունության գոտիների։Առկա անվտանգային ռիսկերի մեծ մասի աղբյուրը Ռուսաստանի՝ խորհրդային դարաշրջանի ազդեցության գոտին վերականգնելու ցանկությունն է մի տարածաշրջանում, որը Մոսկվայում անվանում են «մերձավոր արտերկիր»։

Պետքարտուղար Փոմփեոյին ուղղված այս բաց նամակի տակ ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարներ Իրակլի Ալասանիան և Թինա Խիդաշելին, նախկին արտգործնախարար Թեդո Ջափարիձեն, Վաշինգտոնում Վրաստանի նախկին դեսպան Թեմուր Յակոբաշվիլին, ՆԱՏՕ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Գրիգոլ Մգալոբլիշվիլին, մի շարք այլ ազդեցիկ գործիչներ՝ ընդհանուր առմամբ 45 հոգի։

Ուղերձի հեղինակների համոզմամբ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի աճող նկրտումները զսպելու և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրական դարձնելու միակ հնարավորությունը ոչ թե պարբերաբար անցկացվող զորավարժություններն են, այլ երկրի տարածքում դաշինքի զինվորականների՝ մշտական հիմունքներով տեղակայումը։

«Վրաստանի տարածքում դաշնակցային ուժերի՝ ամերիկյան և եվրոպական ստորաբաժանումների՝ ռոտացիոն սկզբունքով գործողությունները, այդ թվում՝ թիկունքային և օդային պարեկության կարողությունները, հնարավորություն կտան Հարավային Կովկասում և Սևծովյան ավազանում գործունեության լայն հնարավորություն ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքի համար», - նշում են նամակի հեղինակները՝ հավելելով. - «ԱՄՆ ռազմական ներկայությունը Վրաստանում կարժանանա մեր երկրի բնակչության լայն աջակցությանը, ինչպես նաև թույլ կտա կանխել անխուսափելի թվացող սպառնալիքները և կմոտեցնի Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարը»։

Վրաստանում ամերիկյան ռազմակայանի ստեղծման մասին խոսակցությունները, ի դեպ, նորություն չեն։ Տարեսկզբին վրաց փորձագիտական շրջանակները Վաշինգտոնին առաջարկում էին Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ռազմակայանի փակման դեպքում, այնտեղ գտնվող ստորաբաժանումները և տեխնիկան տեղափոխել Թբիլիսիի հարևանությամբ գտնվող Վազիանիի ռազմաբազա։

Վրաստանի քաղաքացիների շրջանում ամերիկյան ռազմակայանի տեղակայման կողմնակիցների թիվը տարեցտարի աճում է։ Եթե նախորդ տարի Վրաստանում ամերիկյան ռազմակայան տեղակայելու օգտին հանդես էր գալիս երկրի բնակիչների 51 տոկոսը, ապա այսօր ամերիկյան ռազմական ներկայության կողմնակիցների թիվը աճել է՝ հասնելով 64 տոկոսի։

XS
SM
MD
LG