Մատչելիության հղումներ

Ծառուկյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելը մեկ շաբաթ անց կքննվի անկախ նրա ներկայությունից


Ազգային ժողովի խորհուրդն այսօր մեկ շաբաթով հետաձգեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումը, քանի որ հարցի քննությանը Ծառուկյանը ներկա չէր։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը պահանջում է, որ այս հարցով քննությանը առաջին անգամ ներկա լինի պատգամավորը, ում վերաբերյալ խորհուրդը պետք է որոշում ընդունի, ասաց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Եթե ներկա չի լինում պատգամավորը, ում նկատմամբ նման հարց է բարձրացվում, հարցի քննարկումը հետաձգվում է»:

Մեկ շաբաթ անց արդեն Ազգային ժողովի խորհուրդը հարցը կքննի անկախ նրա ներկայությունից: Եթե մեկ շաբաթից Ազգային ժողովի խորհուրդը որոշում չկայացնի` Գագիկ Ծառուկյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմել, ապա մեկ ամսում նման մի փորձ կարող է ձեռնարկել նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը։ Իսկ եթե Ազգային ժողովի խորհուրդը որոշի դիմել, ապա Սահմանադրական դատարանը այս հարցով որոշումը պետք է հրապարակի դիմումը ստանալուց հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։

Ազգային ժողովի խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում: Բացի այդ, Ազգային ժողովի խորհուրդն իր որոշման նախագծի հիմքում դնում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։

Այդ եզրակացությունը ըստ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ հոկտեմբերի 26 -ին է եղել, իսկ վարույթը սկսվել է շատ ավելի վաղ՝ դեռ հուլիսին և քաղաքական ու քրեական գործընթացների հետ որևէ առնչություն չունի։ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն մեկն է այն կուսակցություններից, որ նոյեմբերի 10-ից ի վեր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ծառուկյանը նաև մեղադրվում է 2017-ին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։

«Այդ ամբողջը բացառապես կապ չուներ և չի ունեցել քրեական գործի հարուցումից ընդհուպ մինչև վերջին զարգացումները, որովհետև հանձնաժողովն այս ամբողջը սկսել էր ավելի վաղ, եզրակացությունը պատրաստ էր ավելի վաղ, և ցավալիորեն տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես ռազմական դրությունը հանձնաժողովին ավելի պասիվ դիրքերում պահեցին` այդ ամենով հրապարակային հանդես գալու համար», - ասաց Հարությունյանը:

Ուսումնասիրելով իրենց պահանջած և ստացած, ինչպես նաև հասանելի այլ փաստաթղթերը` հանձնաժողովը եզրակացրել է՝ չնայած Գագիկ Ծառուկյանը իր մի քանի տասնյակ ընկերությունները տվել էր հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի ինքն է ղեկավարել, աշխատող ընդունել, ժողովներ նախագահել, մասնակցել հանդիպումների ներդրողների հետ. «Հենց վարույթի մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվել են, որ օրինակ` նույնիսկ աշխատանքային պայմանագիր, որն արդեն հանդիսանում է հավատարմագրային կառավարչի լիազորությունը, ստորագրվել է պարոն Ծառուկյանի կողմից: Դրան հաջորդել է, օրինակ, արդեն կոնկրետ առևտրային կազմակերպության ընդհանուր ժողովի նիստ, որտեղ նա մասնակցել է ոչ թե ունկնդրի, դիտորդի կարգավիճակով, այլ նախագահել է այդ ժողովը, արձանագրության մեջ ստորագրել է որպես արդեն ժողովի նախագահ և կատարել է գործողություն, օրինակ` տնօրենի նշանականում և ազատում, որը նորից հավատարմագրային կառավարչի լիազորությանը վերապահված գործառույթ է»:

Իսկ արդյոք հանձնաժողովի եզրակացությունն ու հայտնաբերած փաստերը կարող են հիմք հանդիսանալ, որ ստուգվի նաև, թե որքանով է օրինական Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի ծագումը։ Հայկուհի Հարությունյանն ասում է՝ հանձնաժողովն այդ մասով որևէ լիազորություն չունի, սակայն եզրակացությունը շուտով կհրապարակվի, և որևէ մարմին ազատ է այն ուսումնասիրել. «Եթե մնացած պետական ինստիտուտները կգտնեն, որ հանձնաժողովի կողմից հետազոտված փաստերով առկա են տվյալներ, որոնք գուցե և հիմք հանդիսանան իրենց համար կոնկրետ գործողությունների, խնդրեմ: Հանձնաժողովն ուղղակի սպասում էր` տեղի ունենա նիստը, նոր հրապարակվի, բայց հիմա գուցե և արդեն պայմանավորված հանրային հետաքրքրությամբ հանձնաժողովն իր եզրակացությունը կդարձնի հրապարակային»:

Հայկուհի Հարությունյանն ասում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է կատարում։ Արդեն ավելի քան 500 կազմակերպություն են նույնականացրել, որտեղ առկա է պաշտոնատար անձի մասնակցություն. «Սա նորից ընդգծված, կրկնում եմ, ոչ թե հատային գործողություն է, այլ հանձնաժողովի մոտեցմամբ այդ անհամատեղելիության կանոնը խիստ պարտադիր դարձնելու և իմ նշած թեզը իշխանության և քաղաքականության և սերտաճման մեջ այդ սեպը խրելու միտում է, ուղղակի ցավալիորեն պայմանավորված վերջին գործողություններով հանրային աջակցության տեսանկյունից մենք հիմա ավելի պասիվ գոտում ենք գտնվում»:

XS
SM
MD
LG