Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հորդորում է «Հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Շուշիի մատույցներից դուրս են բերվել շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր իր հերթական ծանր օրերից մեկն էր։

«Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ: Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ իրենց ցավը սփոփելով և համատեղ փնտրելով մեր նահատակ եղբայրներին», - գերլ է Հարությունյանը:

Արցախի նախագահի խոսքով՝ այդ բարոյական պարտականության կատարմանը զուգահեռ խնդիր կա արագորեն բարձրացնելու Հայրենիքի անվտանգության երաշխիքները և երկարատև ու ծանր ջանքերով զբաղվել Արցախի ու հայ ժողովրդի հետպատերազմյան վերականգնման կարևորագույն գործով:

Իհարկե, կան նաև այլ արտաքին ու ներքին բարդ մարտահրավերներ, սակայն դրանցից առավել առաջնահերթորեն Արցախի նախագահը նշել է, որ իրեն անհանգստացնում են Մայր Հայրենիքի ներքին կայունությունն ու համերաշխությունը խաթարող լրջագույն վտանգները:

«Հաշվի առնելով այս ծանրագույն ժամանակաշրջանում մեր ազգային ու պետական համերաշխության ու միասնականության անհրաժեշտությունը, ինչպես նաև իմ պարտավորությունն անմասն չմնալու համահայկական վճռորոշ հարցերի լուծումից՝ իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ», - Ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը:

Նա խստագույնս հորդորել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց՝ ցուցաբերել ազգային ու պետական բարձր սրտացավություն ու ողջախոհություն և Հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք այս իրավիճակում կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը:

«Ես բոլորից ակնկալում ու պահանջում եմ քաղաքակիրթ երկխոսությամբ և բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորել ներքին տարաձայնությունները, որպեսզի մենք ի վիճակի լինենք Հայրենիքը տանել կայուն ու երկարատև զարգացման ճանապարհով», - գրել է Արցախի նախագահը:

Այս համատեքստում, Հարությունյանը որոշում է կայացրել Արցախում ակտիվացնել քաղաքական խորհրդատվությունները բոլոր ուժերի ու գործիչների հետ՝ քննարկելու համար և՛ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պետական կառավարման համակարգի բարեփոխման, և՛ համահայկական օրակարգի կարևորագույն հարցերը:

«Հուսամ, որ հնարավոր կլինի երկխոսության նույն մթնոլորտը ձևավորել նաև Հայաստանի Հանրապետությունում», - եզրափակել է Արցախի նախագահը:

Երեկ ուշ երեկոյան, վարչապետը գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ նշելով․ - «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Այս գրառումից հետո իշխանական «Իմ քայլ»-ը խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարեցին խմբակցությունից դուրս գալու մասին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարչապետի կոչը «խիստ վտանգավոր է» որակել։ «Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ», - գրել է Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG