Մատչելիության հղումներ

Հայաստանի պարտությունը Արևմուտքի պարտությունն է, գրում է ֆրանսիական մամուլը


Ֆրանսիական լրատվամիջոցները, վերլուծաբանները փորձում են հասկանալ Արցախում ստեղծված նոր իրավիճակը, ինչպես նաև, թե պատերազմողներից ով ինչ է շահել կամ կորցրել: Մի բան, սակայն, պարզ է ու անվիճելի բոլորի համար. կորցրել են հայերը, ավելին` զինադադարի ստորագրումն էլ ողբերգություն ու դատապարտություն է հայերի ապագայի համար` ըստ «Ֆիգարո» օրաթերթի:

Վերջինս երեկ համացանցային համարում գրել է, թե զինադադարի հայտարարությունն առաջին փուլն է, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափման, ինչն Ադրբեջանի հիմնական նպատակն է: Վերլուծության հեղինակը Հայաստանում է եղել զինադադարի ստորագրման օրերին, նա պատմաբան է, Նինսի քաղաքապետության խորհրդական: Նրա խոսքով` հայերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, բայց հայկական կառավարությունը պարտադրված է եղել զինադադարին, որը, ըստ իր տեղեկությունների, կազմակերպված է եղել զինադադարի ստորագրումից առաջ արդեն:

Ըստ հոդվածագրի` վարչապետի հրաժարականը, որն այսօր պահանջում են, կթուլացնի երկիրը: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա վերլուծաբանի համոզմամբ` պետք է խոստովանել, որ «Ադրբեջանը ևս չի շահել պատերազմը, սա միայն սահմանների պատերազմ չէր, միջազգային պատերազմ էր, և այն երևան հանեց միջազգային համայնքի անդամալույծ վիճակը», փաստել է նա` հաստատելով, որ Հայաստանը սպասում էր միջազգային համայնքի հակազդեցությանը Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ոտնահարման, քաղաքացիական բնակիչների դեմ կատարված ոճիրների և արգելված զենքերի օգտագործմանն ի պատասխան, սակայն այն տեղի չունեցավ, որովհետև արևմտյան Եվրոպայի երկրները, ԱՄՆ-ն մերժեցին ճանաչել Արցախի անկախությունը` ցանկանալով չեզոք դիրքորոշում պահպանել պատերազմողների հանդեպ: «Կարծես թե այդպիսին կարող էր լինել միայն Արևմուտքի դիրքորոշումը ահաբեկիչների և նրանց դիմադրողների, այսինքն` հարձակվողի և հարձակման ենթարկվողի միջև», - բացատրել է «Ֆիգառոն»:

Ըստ վերջինիս` հենց այդ պատճառով Հայաստանի պարտությունը Արևմուտքի պարտությունն է. «Հայերը շատ սպասումներ ունեին մեզանից, դա մեր պատմության, մեր պաշտպանած ազատության իրավունքն էր: Մենք չեղանք անհրաժեշտ բարձրության վրա»:

Միջազգային համայնքին և հատկապես Ֆրանսիայի իշխանություններին ուղղված նույնպիսի խիստ քննադատությունների կարելի է հանդիպել առաջատար «Մեդիապարտ» պարբերականի կայքում նույնպես. «Պատգամավորները փորձեցին համոզել Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի դեմոկրատական պետությունը: Այդ չանելով` նրանք դարձան հարձակվողների` Ադրբեջանի և Թուրքիայի մեղսակիցները, մեղսակիցները հարձակվողների գործած պատերազմական ոճիրների: Եվ կարող ենք մենք հարց տալ մեզ, թե կկանգնե՞ն հանցագործները դատարանի առջև մի օր իրենց գործած ոճիրների համար»: Պարբերականի համար ստորագրված եռակողմ համաձայնագիրը չափազանց անարդար է և կունենա հետևանքներ:

Զինադադարի հետևանքների մասին է գրում նաև «Ազատությունների հաստատություն» վերլուծական կենտրոնը: Վերջինս եռակողմ համաձայնագիրը որակել է իբրև անհանգստացնող: «Ավելին` կնքվել է մի զինադադար, որը դուռ է բացում մարդկային ողբերգությունների համար», - գրել է կենտրոնը:

Այսօր Ֆրանսիայում ավելի քան երբեք Արցախի միջազգային ճանաչման կոչերը շարունակվում են: Այդպիսի կոչով այսօր հանդես է եկել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը Արցախի հետ բարեկամ քաղաքապետների հետ միասին: Անցյալ շաբաթ Կորսիկայի խորհրդարանն էր ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Այսօր «Երկիր և մշակույթ» ֆրանսահայ կազմակերպությունն իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի հսկողության տակ անցած վայրերում Արցախի հարյուրամյակների հնություն ունեցող հուշակոթողների պաշտպանության վերաբերյալ` կոչ անելով միջազգային կազմակերպություններին, առաջնահերթ ՅՈւՆԵՍԿՕ-ին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել:

XS
SM
MD
LG