Մատչելիության հղումներ

Նախագահի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ երեկ տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նախագահն ընդգծել է՝ Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետևաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: «Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ ներկայումս երկրի կայունության պահպանման խնդիր կա. - «Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների»:

Նախագահն անթույլատրելի է համարել որևէ բախում, որևէ բռնություն: «Ցանկացած՝ ամենալավ ու ամենավատն մարդն էլ արժանի են, որ ապրեն և լսելի լինեն: Որևէ մեկը թույլ չի տվել որևէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Սա անթույլատրելի է: Եվ սա պետք է երկկողմանի լինի: Պետությունը, իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, ունեն պարտականություններ, պետք է թույլ չտան նման բաներ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը և աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ․ - «Եթե վերլուծենք, թե ինչ սխալներ ենք արել, և որտեղ են դրանց աղբյուրները, կկարողանանք գալ ճիշտ եզրակացության, և դրանից հետո, եթե այնքան հանդուրժողականություն և հարգանք ունենք իրար հանդեպ, նստենք միասին ու մտածենք, թե որոնք են մեր տեսլականն ու ռազմավարությունը: Տեսլական ասելով նկատի չունեմ լավ, գեղեցիկ ցանկությունների ցանկ, այլ՝ հստակ պատկերացում՝ տեղափոխվենք 20 տարի հետո, գնահատենք, թե աշխարհը, տարածաշրջանն ինչպիսին է լինելու, մեր հարևանները որտեղ են լինելու, և մենք որտեղ պետք է լինենք»:

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը:

«Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռևս ոչինչ չենք անում դրա համար»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ շարունակելով․- «Երբ մենք Երևանում մտածում ենք ATOM ծրագիր իրականացնելու մասին, դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա և այլն: Դա նաև նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետև այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ոչ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին, որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ և այստեղ նախարար դառնալ, որովհետև պետք է 4 տարի այստեղ ապրեն և ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG