Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային քննարկում է ունեցել առողջապահության նախարարի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել:

«Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում», - ասել է նախարարը:

Թորոսյանը տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր:

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- նշել է նա:

Արսեն Թորոսյանն, համաձայն հաղորդագրության, անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար:

«Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները»,- հավելել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG