Մատչելիության հղումներ

Վարչապետը հայտարարում է՝ իրենց առաջնահերթությունը երկրում կայունության վերականգնումն է


Չնայած երրորդ օրը ընդդիմադիր դաշտից հնչող կոչերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Այսօր նա ուղերձով դիմեց ժողովրդին, ասաց՝ այս պահին իրենց առաջնահերթությունը երկրում կայունության վերականգնումն է, կոչ արեց համախմբվել կառավարության շուրջ:

«Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն: Կոչ եմ անում չտրվել սադրանքների և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործելու համար: Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին», - նշեց վարչապետը:

Մոտ 20 րոպե Փաշինյանը փորձեց պատասխանել իր, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև 3 օր առաջ ստորագրած հայտարարության հրապարակումից հետո հնչող հարցերին՝ դրան մի քանի որակումներ տալով՝ տխրահռչակ, վատ ու ոչ շահեկան։ Այսօր էլ կրկնեց՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը։ Ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ Փաշինյանի, երբ զինվորը չէր կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա։

«Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։ Բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար», - նշեց վարչապետը:

Ինչո՞ւ հրաժարական չտվեց այդ փաստաթուղթը չստորագրելու համար, իրեն այս օրերին ուղղվող մեկ այլ հարցի Փաշինյանի պատասխանը հետևյալն էր՝ ուրիշի վրա չէր ուզում թողնել այդ «դժոխային պարտավորությունը»:

«Դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին՝ այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի:

«Իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Սրա համար երկու պատճառ կար. նախ պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին, և երկրորդը, ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը», - ասաց նա։

Ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրելուց առաջ չխորհրդակցեց նախ ժողովրդի հետ, Փաշինյանը պատճառաբանեց, թե իրավիճակի մանրամասն նկարագրությունը վտանգավոր կլիներ զինվորների համար: Բացի դրանից, վարչապետը հայտարարեց, նախկինում ինքը այլ խոստում է տվել՝ քննարկել Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները, իսկ այն, ինչի տակ իր ստորագրությունը դրել է, հարցի բովանդակային լուծում չի նախատեսում, «այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար»:

Մեղրին չի հանձնվում, պնդեց Փաշինյանը: Իսկ Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանով նախատեսվող շատերի կարծիքով ինքնիշխանության առումով խնդրահարույց նոր ճանապարհը, վարչապետի գնահատմամբ, տնտեսության զարգացման հեռանկարներ է բացում:

«Սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, անելիքները առջևում են, հայտարարեց Փաշինյանը, չմանրամասնելով՝ երբ ու ինչ քայլեր է պատրաստվում անել Արցախի կարգավիճակի՝ միջազգային ճանաչման համար։ Եռակողմ հայտարարության մեջ կարգավիճակի հարցին որևէ անդրադարձ չկա: Այս պահին խոսք չկա նաև որևէ նոր բանակցության մասին:

«Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, և, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Թող նորից չփորձի նույն հեքիաթներով կերակրել ժողովրդին, վարչապետի ուղերձին այսպես է արձագանքել Փաշինյանի հրաժարականի պահանջով երկրորդ օրը հավաքներ անցկացնող 17 կուսակցությունների Դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:

Փաշինյանը խոսել էր իշխանության գալու նախկինների ցանկություններից՝ ասելով, որ թույլ չեն տալու խլել ժողովրդին պատկանող իշխանությունը, իրավիճակի համար էլ պատասխանատու է:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու մասին, նախ պետք էր, որպեսզի երկիրը չհայտնվեր այս իրավիճակի մեջ, նախ սկսենք նրանից, թե ով է մեղավոր և ով է քաղաքական պատասխանատվություն կրում երկիրն այս վիճակում հայտնվեցնելու համար: Իսկ այս իրավիճակի անունն է ազգային շահերի դավաճանություն», - ասաց Գալստյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG