Մատչելիության հղումներ

Շուրջ 20 մարդ է ձերբակալվել զանգվածային անկարգությունների համար


Շուրջ 20 մարդ է ձերբակալվել օրերս ռազմական դրության պայմաններում կառավարության, Ազգային ժողովի և այլ պետական կառույցների, հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով զանգվածային անկարգությունների համար:

Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված ավելի քան 40 օր ձգված պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո մի խումբ անձինք նաև ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Խորհրդարանի նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատվել: Նույն գիշերը` ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել էին ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։

Ե՛վ Ազգային ժողովի նախագահի ծեծը, և՛ «Ազատության» գրասենյակի դեմ հարձակումը քննվում են այս գործի շրջանակներում։

ԱԱԾ-ն հաղորդում է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի նախագահի ծեծին, ապա, ԱԱԾ-ն նաև հաղորդում է, որ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցվել նաև կառավարության անդամների և վարչապետի նկատմամբ: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար, ինչպես նաև հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն հոդվածներով:

ԱԱԾ-ն հաղորդում է նաև` հայտնաբերվել և ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ 20 անձինք: Շեշտվում է, որ հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի այդ անձանց մեծ մասը զղջացել է կատարվածի համար, տրամագծորեն փոխել վարքագիծը և իրեն դրսևորել որպես օրինապաշտ քաղաքացի։

Ազգային անվտանգության ծառայությունը, կոչ անելով պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմը, հայտնում է նաև, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել են դեպքի վայրերի զննություններ, անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:

XS
SM
MD
LG