Մատչելիության հղումներ

Ավինյանի խոսքով, ցանկացած հեղաշրջման փորձ կոշտ ձևով կասեցվելու է


Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, բայց հեղաշրջման փորձ թույլ չեն տալու, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ռազմական դրության պայմաններում, «պղտոր ջրում ձուկ բռնել փորձող» բոլոր քաղաքական ուժերին փոխվարչապետը վստահեցրեց՝ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու։

«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է», - ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց՝ ներքաղաքական պրոցեսներում մեղավորների ու պատասխանատուների հերթը դեռ գալու է։ «Մեր ներքաղաքական պրոցեսները՝, թե ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, և եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող», - հայտարարեց Ավինյանը:

Հարցին՝ թե հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, փոխվարչապետը պատասխանեց, որ նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել է, բայց վստահեցնում է՝ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG