Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զինվորականները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքի հանդեպ, հաղորդում է ՌԴ Գլխավոր շտաբը


Հայաստան - Ռուսաստանցի խաղաղապահները ժամանում են Երևանի «Էրեբունի» օդանավակայան, որտեղից մեկնելու են Արցախ, 11-ը նոյեմբերի, 2020թ.

Ռուսաստանցի զինվորականները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքի հանդեպ։ Այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը։

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Զինված ուժերի զորախմբի առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Լաչինի միջանցքի և Լաչին-Լիսագոր ճանապարհահատվածի նկատմամբ», - հայտարարել է ռուս գեներալը։

Բացի այդ, ռուսաստանցի զինվորականը տեղեկացրել է, որ «խաղաղապահների կենտրոնացումը Գորիսի շրջակայքում մոտենում է ավարտին»։

Ռուդսկոյը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ խաղաղապահների 16 դիտակետեր են գործելու, որոնք բաժանված կլինեն «Հարավ» և «Հյուսիս» սեկտորների միջև։ «Հարավ» պատասխանատվության գոտում դիտակետերի տեղակայումը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 12-ին», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։

XS
SM
MD
LG