Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ «Արել ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել»


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Արցախում իրավիճակը բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ շատ արագ տեղակայվում են ռուսական խաղաղարար ուժերը: Տեղակայումն, ըստ նախարարի, իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով

Անդրադառնալով դիտարկմանը, թե շատերը պատերազմի դադարեցման մասին հայտարարության տակ ստորագրելը դավաճանություն ու պարտություն են որակում, Տոնոյանն այսպես արձագանքեց․ - «Ես, իհարկե, վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև Զինված ուժերը՝ Պաշպանության նախարարությունն իր ամբողջ զինվորական և քաղաքացիական համակարգով, զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքն արել ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել»:

Տոնոյանն ընդգծեց՝ արվել է առավելագույնը, սակայն հայկական կողմը ունեցել է մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել։

«Բայց 5-րդ սերնդի միջոցները, որոնք Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի աջակցությամբ, որոշ պարագաներում անհնարին է դարձրել արձագանքը: Թուրքիայի ներկայությունը բացահայտ է եղել: Սպառազինությունը, որը տրամադրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտագործվել է մեր դեմ սեպտեմբերի 27-ից սկսած», - ասաց Տոնոյանը։

Նախարարը՝ շեշտեց, որ հայկական զինված ուժերն այս իրավիճակից դուրս են գալիս ուժեղ, բավականին փորձված, կոփված:

«Դուք գիտեք, որ միշտ պատերազմներից հետո զինված ուժերը դուրս են գալիս շատ ավելի ուժեղ, ավելի փորձառու են դառնում: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, շարունակելու ենք զինված ուժերում բարեփոխումները, շարունակելու ենք մեր զինված ուժերի սպառազինումը գերժամանակակից միջոցներով, վերանայելու ենք, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը իրականում խնդրահարույց էր այսպիսի պատերազմի ժամանակ: Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից»,- ասաց պաշտպանության նախարարը:

Նրա գնահատմամբ՝ այսօրվա համաձայնագիրն առավելագույնն է, որը կարելի էր ունենալ, Ռուսաստանի Դաշնության խաղաղարարների տեղակայման առումով սա լավագույն տարբերակն էր, որը մշակվել է շատ կարճ ժամանակահատվածում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG