Մատչելիության հղումներ

Հայաստան ժամանած արցախցիների 90 տոկոսին հյուրընկալել են ՀՀ քաղաքացիները, հայտնում է Զարուհի Բաթոյանը


Հայաստան ժամանած արցախցիների 90 տոկոսին հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, «Ազատության» հետ զրուցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանը նշեց՝ այս օրերին և՛ նախարարություն, և՛ մարզպետարանների, և՛ համայնքապետարանների աշխատակիցները զբաղված են արցախից եկածների աջակցության սոցիալական ծրագրերը տեղ հասցնելով:

«Ամբողջ տարվա ընթացքում, Covid-ից հետո նաև մեր ռեսուրսները ներդրել ենք սոցիալական ծրագրեր իրականացնելուն, լրացուցիչ ծրագրեր և բավականին մեծ թվով ծրագրեր ենք իրականացրել և նախարարությունը բավականին ծանրաբեռնված է աշխատել և ընթացիկ աշխատանքները երկրորդ պլան են մղվել և առաջին հերթին կարևոր է եղել ճգնաժամային իրավիճակում արձագանքել մեր քաղաքացիների կարիքներին», - ասաց նախարարը:

Բաթոյանը հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ և՛ նախարարության կայքից, և՛ ֆեյսբուքյան էջից, սակայն որպես այդպիսին «դեռ միջազգային ծրագրեր չեն իրականացրել միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ուղղված են արցախից եկած հայրենակիցներին»՝ ընդգծելով՝ ծրագրերը դեռ առջևում են:

Աջակցության ծրագրերից մեկով, որը նախատեսում են շուտով նաև քննարկման դնել, ըստ Բաթոյանի, նախատեսվում է արցախցիներին հյուրընկալող իրավաբանական և ֆիզիկական անձանց ծախսերի որոշակի փոխհատուցում:

Անդրադառնալով սեպտեմբերին պարգևավճար ստանալու մասին հարցին, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Սեպտեմբերի պարգևավճարն, այո, ստացել եմ, աշխատավարձին և դրան հավասարեցված վճարումները, որը ամբողջությամբ փոխանցել եմ Զինվորների ապահովագրության հիմնադրամին, այդպես են վարվել նաև, իհարկե, ոչ ամբողջությամբ, այն 1323 աշխատակիցները նախարարության և սոցիալական ապահովության ծառայության, որոնք ևս ստացել են և ամբողջ տարին ստանում են պարգևավճար և աշխատավարձ»:

Նախարարը նաև հավելեց, որ հետագա ամիսներին այն չի տրամադրվելու:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG