Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը համոզված է՝ ռուսական ուղղաթիռի խոցումը «կստանա համարժեք արձագանք»


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում Ռուսաստանի զինված ուժերի հանդեպ իրականացված ոտնձգությունը:

«Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր», - իր հայտարարությունում նշում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով. - «Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ»:

Արտգործնախարարությունը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ռուսաստանի զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը «կստանա համարժեք արձագանք»:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին», - նաև ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն հաստատել է, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները, և ներողություն է հայցել Մոսկվայից:

XS
SM
MD
LG