Մատչելիության հղումներ

Ալիևը չի բացառում, որ Բաքուն «ագրեսիայի դեպքում կարող է Թուրքիայից ռազմական օգնություն խնդրել»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, հոկտեմբեր, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, հոկտեմբեր, 2020թ.

«Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և Թուրքիայից ռազմական օգնություն ստանալու կարիք տեսնի, կքննարկի այդ տարբերակը», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարում է Իլհամ Ալիևը։

«Տարիներ առաջ մենք Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրեցինք, որն ագրեսիայի դեպքում ռազմական օգնություն էր ենթադրում։ Որոշ առումներով դա այն նույն ֆորմատն է, որ ձևավորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև», - նշում է Ադրբեջանի նախագահը բրիտանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր տարբերակների մասին՝ Ալիևը համոզված պնդում է, թե փոխզիջման հնարավորությունները գնալով նվազում են։

«Այսօր փոխզիջման հնարավորությունները նվազում են, քանի որ մենք այդ տարածքները ուժով ենք հետ բերում։ Եթե հայերը ողջամիտ գործելաոճ որդեգրեն, մենք կարող ենք ինքնակառավարման որոշակի տարբերակների վրա աշխատել, մենք դրան դեմ չենք։ Բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ չեմ կարծում, թե Հայաստանի այս վարչապետի հետ խաղաղության որևէ հնարավորություն առկա է», - հայտարարում էր Ալիևը, պնդելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղին հարող չորս շրջաններից դուրս բերելու մասին և ներկայացնի այդ դուրսբերման ժամանակցույցը, Ադրբեջանը կդադարեցնի պատերազմը։

Բրրիտանական հեռուստաընկերության՝ Ալիևի հետ հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում գտնվող քաղաքացիական օբյեկտների ռմբակոծություններին։

BBC-ի թղթակից Օրլա Գերինը մասնավորաբար Ալիևին հարցնում էր Շուշիի Ղազանչեցոց ելեղեցու՝ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած ռմբակոծության մասին։

«Բազմիցս ասել եմ՝ կամ դա մեր հրետանու սխալն էր, կամ էլ հայկական կողմի կանխամտածված սադրանքը», - պնդում էր Ադրբեջանի նախագահը։ Ի պատասխան BBC-ի լրագրողուհու ճշտող հարցի, թե հնարավո՞ր է արդյոք սխալվել երկու անգամ մեկ օրում, Ալիևը զարմացավ. - «Ինչո՞ւ ոչ»։

Ստեփանակերտի և մյուս խաղաղ բնակավայրերի՝ կասետային սպառազինության կիրառմամբ հրթիռակոծությունների մասին հարցին էլ արձագանքելով՝ Ադրբեջանի նախագահը պնդում է. - «Այդ ռմբակոծությունների ականատեսը դարձած լրագրողները ստում են»։

«Ես կասկածի տակ եմ առնում այդ վկայությունները։ Հետո ինչ, որ այդ լրագրողները դեպքի վայրում են եղել։ Չի բացառվում, որ նրանք միջազգային լրատվամիջոցներում Ադրբեջանում տարածվող սև քարոզչության պատճառով կողմնապահ դիրքորոշում ունեն այս հակամարտության հանդեպ։ Դրանք կեղծ լուրեր են», - պնդում էր Ալիևը:

Արմեն Սարգսյանը շեշտում է՝ Ադրբեջանը վերածվում է Թուրքիայի խամաճիկի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղում ժողովրդին, նոյեմբեր, 2020թ.
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղում ժողովրդին, նոյեմբեր, 2020թ.

«Հայաստանը նոր ցեղասպանություն չի հանդուրժի», - հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում ասում է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանը մեկ անգամ ևս կրկնում է, որ պատերազմի գլխավոր հրահրողը Անկարան է։

«Թուրքիայի դերակատարությունն այս հակամարտությունում հատուկ ուշադրության և ըմբռնման կարիք ունի։ Ուղղակի այդ մասնակցությունը մեծացրեց հակամարտության կողմերի թիվը և միջազգայնացրեց այն։ Մոլեռանդ ջիհադիստների, սիրիացի և այլ վարձկանների մասնակցությունը է՛լ ավելի է բարդացնում տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչի արդյունքում Կովկասը կարող է նոր Սիրիայի վերածվել», - նշում է նախագահ Սարգսյանը՝ պնդելով, որ ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության բացասական հետևանքները ուշ թե շուտ կզգա նաև Ադրբեջանը

«Ադրբեջանը այժմ կարող է ուրախանալ, որ Թուրքիան իր կողքին է, և որ այն լիակատար աջակցություն է ցուցաբերում իրեն Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, սակայն, այդ ամենը ձախողման է տանելու, և միայն դրանից հետո Ադրբեջանում կհասկանան, թե ինչ աստիճանի են Թուրքիայի կովկասյան խամաճիկի վերածվել՝ սեփական քաղաքական և տնտեսական անկախության, մանևրելու հնարավորության, կայունության և կանխատեսելիության հաշվին», - շեշտում է Հայաստանի նախագահը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG