Մատչելիության հղումներ

Ալիևը հակադարձում է Լավրովին և խոսում Հայաստան ռուսական զենքի մատակարարումների մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, հոկտեմբեր, 2020թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում 2 հազար վարձկան է կռվում։

«Եթե անկեղծ լինեմ, ապա ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեզոքություն պետք է պահպանեն, գործեն ԵԱՀԿ կողմից իրենց ընձեռված մանդատի շրջանակներում, օգտվում են նման չհաստատված «տեղեկատվությունից» և լուրերից», - հայտարարել է Ալիևը՝ կրկին պնդելով, որ Ադրբեջանի տարածքում որևէ վարձկան չկա։ «Որևէ ապացույց, որ մեր կողմից օտարերկրյա վարձկաններ են կռվում, գոյություն չունի», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանին։

«Մենք ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել ենք, թե այս 40 օրերի ընթացքում Հայաստանը ինչ գումարի համարժեք սպառազինություն է ստացել», - նշել է Ալիևը՝ հավելելով. - «Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Մինսկի խմբի միջորդ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության մասին»։

Անդրադառնալով հնարավոր հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։

«Վերջին երկու տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն առաջին մի քանիսից բացի, մնացած բոլոր հանդիպումները անօգուտ էին և իմաստազուրկ», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա պնդմամբ, հայկական կողմը, խոսելով փոխզիջումների մասին, խուսափում է հստակությունից։

«Հայաստանը միայն ինքնորոշման մասին է խոսում, սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ», - հայտարարել է Ալիևը։

XS
SM
MD
LG