Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է աշխատանքից ազատել ԿԸՀ նախագահին


Ընդդիմության բողոքի ցույցը, Թբիլիսի, 8 նոյեմբերի, 2020թ.

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն այսօր մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացնում և պահանջում են մինչև տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ը պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային:

Ընդդիմությունը պնդում է, որ հենց ԿԸՀ նախագահն է պատասխանատվություն կրում հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կառույցի լիդերներից Նիկա Մելիան այսօր ասել է, թե «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պարտավոր է աշխատանքից ազատել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային:

«Տիկին Ժվանիան ընտրակեղծարար է, նա պետք է հեռանա, դրանից հետո ընդդիմությունը պատրաստ է հանդիպել Իվանիշվիլիի հետ և քննարկել նոր ընտրություններ անցկացնելու հարցը»,- հայտարարել է Մելիան:

Բողոքի ակցիաներ են սկսվել նաև Վրաստանի այլ քաղաքներում: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլից հետո քվեների ավելի քան 48 տոկոսով առաջատարը «Վրացական երազանքն» է, երկրորդ տեղում միավորված ընդդիմությունն է, որը քվեների 27 տոկոսն է ստացել:

XS
SM
MD
LG